Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արդեն կարելի է վստահաբար պնդել, որ Ի. Ալիևը ՌԴ-ի նկատմամբ իր քայլերում հատել է Ռուբիկոնը։ Փաստորեն, Ադրբեջանը բացել է ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատը, որին այդքան երկար սպասում էին ուկրաինացիները։ Այս հարձակումը առայժմ իրականացվում է դիվանագիտական, միջազգային իրավական և քարոզչական դաշտերում, սակայն արդեն իսկ շատ ցավալի հարված է Մոսկվայի համար։
Եվ այսպես, ի՞նչ խնդիրներ է լուծում Բաքուն իր հակառուսաստանյան գործողություններով, որոնց համար ադրբեջանական ուղևորատար ինքնաթիռի կործանումն ընդամենը պատրվակ էր, բայց ոչ պատճառ։
1) Ուկրաինան ստանում է կարևոր հոգեբանական ու տեղեկատվական աջակցություն՝ տեսնելով, թե ինչպես է մեկ այլ հետխորհրդային պետություն բաց հակաճառության (եթե ոչ լիարժեք հակամարտության) մեջ մտնում Մոսկվայի հետ։ Ուկրաինացիները հույս են ստանում, որ ՌԴ-ն իր ուժերի մի մասը ստիպված է լինելու հետ քաշել Ադրբեջանի և նրա թիկունքում ամուր կանգնած Թուրքիայի հետ հնարավոր բախումների համար։ Ուկրաինական մամուլն ու եթերը ողողված են ռուս-ադրբեջանական խնդրի շուրջ հիացական ու ոգեշնչող մեկնաբանություններով։
2) Ադրբեջանը հանդես է գալիս որպես Թուրանի կամ «թյուրքական աշխարհի» առաջամարտիկ՝ օրինակ ցույց տալով միջինասիական թյուրքախոս պետություններին ու Տաջիկստանին, թե ինչպես պետք է վարվել «թուլացած Ռուսաստանի» հետ։
3) Ադրբեջանը փորձում է ապացուցել Թրամփի նորակազմ վարչակազմին իր հակառուսականությունը և ՆԱՏՕ-յամետությունը։
Իրականում, Բաքվի այս քայլերը չափազանց վտանգավոր են, որովհետև Ռուսաստանն ունի տնտեսական, քաղաքական ու ռազմական լուրջ լծակներ ու հնարավորություններ ուժգին հակահարված հասցնելու համար։ Իրականում Ալիևը մանևրելու-խուսանավելու լայն դաշտ չունի. նա կատարում է այն, ինչ իրեն հրահանգված է Անկարայից և Թել-Ավիվից։
Առաջիկա օրերին և շաբաթներին պարզ կլինի, թե ինչ ծավալներ է ընդունելու ռուս-ադրբեջանական ճգնաժամը։ Բայց որքան էլ կրքերը հանդարտվեն, նախկին ջերմությանը Բաքվի և Մոսկվայի հարաբերություններն այլևս երբեք չեն վերադառնա։ Ամենայն հավանականությամբ, առաջին հարվածն իրենց վրա զգալու են ՌԴ-ում ադրբեջանցի օլիգարխները և Բաքվի անմիջական ղեկավարությամբ գործող համայնքային կառույցները։ Պետական կառույցներում թուլանալու է ադրբեջանական լոբբիստների ունեցած մեծ ազդեցությունը։
Ինչպե՞ս կանդրադառնա Մոսկվա-Բաքու ճգնաժամը Հայաստանի նկատմամբ ՌԴ-ի հանձնողական դիրքորոշումների վրա՝ առայժմ բարդ է ասելը։ Բայց դա էլ շուտով պարզ կդառնա»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը