Հունվարի 25-ին Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Սեիդ Ջաֆար Աղայի մարիանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Տեղեկացվել է, որ հանդիպման ընթացքում «բողոք է արտահայտվել՝ կապված Ադրբեջանի և մեր երկրի ղեկավարության դեմ արշավի հետ, որը վերջերս բացահայտորեն տարվում է կառավարական շրջանակներին մոտ կանգնած իրանական լրատվամիջոցներում»։
«Իրանի գերծերի ժամանակավոր հավատարմատարը ափսոսանք է հայտնել որոշ տհաճ հայտարարությունների և գործողությունների համար և խոստացել է հարցը ներկայացնել Իրանի իրավասու մարմիններին»,- նշվել է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ երեկ իրանական IRNA գործակալությունը հայտնել էր, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն կանչվել է Իրանի ԱԳՆ։ Նրան բողոքի նոտա են հանձնել Ադրբեջանում իրանցի ուսանողների նկատմամբ «որոշ շրջանակների անբարոյական գործողությունների» առնչությամբ։
Պարբերականի տվյալներով՝ Իրանի արտգործնախարարության Եվրասիական գործերի վարչության ղեկավար Մուձթաբ Դեմիրչիլուն Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ նման քայլերն անվանել է «վնասակար» և պահանջել, որպեսզի «նման բացասական գործողությունների կազմակերպիչներն ու հեղինակները պատասխանատվության ենթարկվեն»։
Իրանցի պաշտոնյան նաև ընդգծել է կրոնական գործիչների հասցեին «ցանկացած վիրավորանքների դեմ վճռականորեն պայքարելու» անհրաժեշտությունը։
«Ադրբեջանի դեսպանը ափսոսանք է հայտնել որոշ բացասական հայտարարությունների և գործողությունների առիթով և խոստացել իրավիճակի մասին տեղեկացնել իր երկրի իշխանություններին»։
Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի բժշկական համալսարանում սովորող 10 իրանցի ուսանող վերջին օրերին արտաքսվել է երկրից «անբարոյական վարքագծի» համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը