Դատախազությունից հաղորդագրություն են տարածել, որում նշված է․
«Դատախազը 2025 թվականի հունվարի 23-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Պաշտպանության նախարարության նախկին պաշտոնատար անձ՝ Գ.Ա.-ի և նրան օժանդակած անձանց՝ Կ.Պ.-ի, Ա.Ա.-ի, հասարակական կազմակերպություններից մեկի տնօրեն, «dasaran.am» ապրանքային նշանի սեփականատեր Ս.Ա.-ի, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ա.Բ.-ի կողմից պետական բյուջեից 106 միլիոն 300 հազար դրամ վատնում կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ Պաշտպանության նախարարությունում պաշտոնատար անձ հանդիսացած Գ.Ա.-ն Կ.Պ.-ի, Ա.Ա.-ի, հասարակական կազմակերպություններից մեկի տնօրեն, «dasaran.am» ապրանքային նշանի սեփականատեր Ս.Ա.-ի, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ա.Բ.-ի օժանդակությամբ 2019, 2020 և 2021 թվականներին Պաշտպանության նախարարության և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված պայմանագրերի գնման գործընթացների շրջանակներում կազմել և շրջանառության մեջ է դրել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հանձնման-ընդունման կեղծ արձանագրություններ, հաշիվ-վավերագրեր և ակտեր:
Վերոնշյալ գործողությունների հետևանքով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից 2019, 2020 և 2021 թվականներին վատնվել է 106 միլիոն 300 հազար դրամ:
Դատախազը 2025 թվականի հունվարի 7-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել Գ.Ա.-ի նկատմամբ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը) և 38-314 հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքի դրդչությունը), Ա.Բ.-ի նկատմամբ՝ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելուն օժանդակելը) և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելը), Ս.Ա.-ի նկատմամբ՝ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Կ.Պ.-ի նկատմամբ՝ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ա.Ա.-ի նկատմամբ՝ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:
2025 թվականի հունվարի 23-ին վերոնշյալ անձանց վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությունը քրեական վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:
Մեղադրյալների նկատմամբ գույքային հայց է հարուցվել դատարան՝ պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը