06 01 2025

Ակտաուում ադրբեջանական օդանավի կործանվելու հետևանքով մեր քաղաքացիների զոհվելու մեղքը ՌԴ ներկայացուցիչներինն է. Ալիև

Ակտաուում ադրբեջանական օդանավի կործանվելու հետևանքով մեր քաղաքացիների զոհվելու մեղքը ՌԴ ներկայացուցիչներինն է. Ալիև

Վստահաբար կարող եմ ասել, որ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի՝ Ակտաուում կործանվելու հետևանքով Ադրբեջանի քաղաքացիների զոհվելու մեղքը Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներինն է։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ավիավթարից զոհված անձնակազմի ընտանիքների անդամների և ողջ մնացած բորտուղեկցորդների հետ հանդիպմանը։

Նրա խոսքով՝ «ադրբեջանական կողմը պահանջում է արդարություն, պատիժ պատասխանատուների համար, լիարժեք թափանցիկություն և մարդկային վերաբերմունք»։

«Ռուսական պետական ​​կառույցների կողմից AZAL-ի ինքնաթիռի կործանման մանրամասների կոծկումը և անիմաստ վարկածների տարածումը Բաքվի մոտ զարմանք, ափսոսանք և արդարացի վրդովմունք է առաջացնում: Կատարվածի հանգամանքները թաքցնելու և դա որպես «թռչունների երամի հետ բախման» կամ «գազի բալոնի պայթյունի» հետևանք ներկայացնելու փորձերը լուրջ կասկածներ են առաջացրել հետաքննության օբյեկտիվության վերաբերյալ»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

Նա հավելել է, որ այժմ ընթանում է «սև արկղերի» վերծանման գործընթացը։

«Վստահ եմ, որ առաջիկայում մենք կիմանանք նախնական արդյունքը, և ամեն ինչ իր տեղը կընկնի, տեղի ունեցած ողբերգության ամբողջ պատկերը հայտնի կլինի։ Եվ դա, բնականաբար, կարևոր կետ կլինի այս ողբերգության ամբողջական հետաքննության և դրա մեղավորներին պատժելու համար»,- ընդգծել է Ալիևը։

Նա նշել է, որ եթե Գրոզնի քաղաքը օպերատիվ կերպով միջոցներ ձեռնարկեր օդային տարածքը փակելու համար, եթե ցամաքային ծառայությունները գործեին բոլոր կանոններին համապատասխան, և լիներ պատշաճ համակարգվածություն Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի և քաղաքացիական ծառայությունների միջև, ապա այս ողբերգությունից կարելի էր խուսափել:

Դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներ»-ին պատկանող Embraer 190 ինքնաթիռը կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ՝ Բաքվից Գրոզնի թռչելիս։ Վթարի հետևանքով զոհվել է 38 ուղևոր, ողջ է մնացել 29 մարդ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել  Ալիևից «ՌԴ օդային տարածքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի համար»։ Նա նշել է, որ տարածքում աշխատել է ՌԴ ՀՕՊ համակարգը, սակայն ուղիղ չի ասել, որ դա է եղել ինքնաթիռի կործանման պատճառը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ