07 01 2025

Կառավարության միակ «ձեռքբերումը»․ տնտեսական ձախողումների աննախադեպ աճ․ 168․am

Կառավարության միակ «ձեռքբերումը»․ տնտեսական ձախողումների աննախադեպ աճ․ 168․am

168․am-ը գրում է․ Տարին ավարտվում է իշխանությունների համար համատարած ձախողումներով. Ոչ միայն այդքան փափագած խաղաղության պայմանագիրը չկարողացան ստորագրել իրենց կիրթ ու կառուցողական հարևանի հետ, այլև տապալվեցին մյուս բոլոր բնագավառներում՝ տնտեսություն, բյուջե, սոցիալական քաղաքականություն։ Ոչ մի ձեռքբերում ու առաջընթաց։  Արտաքին գործոնները մի փոքր թուլացան ու ի ցույց դրեցին վարչախմբի սնանկությունը։ Նախատեսված բոլոր ծրագրերը ձախողվեցին։ Այդքան գովաբանված «համաշխարհային մակարդակի» տնտեսական աճերը մնացել են անցյալում։

Նախատեսել էին առնվազն 7 տոկոս, սպասվում է, որ, լավագույն դեպքում, տնտեսական աճը կկազմի 5 տոկոս։ Դա էլ գերազանցապես ի հաշիվ տարեսկզբին արձանագրված բարձր աճերի, երբ արտաքին ազդեցությունները տնտեսության վրա հասան գագաթնակետին՝ առավելապես ոսկու վերարտահանումների տեսքով։ Մի քանի ամսում այնքան ոսկի արտահանվեց Հայաստանից, որ չէր արտահանվել տասնյակ տարիների ընթացքում։  Առաջին կիսամյակում ոսկու արտահանումը գերազանցեց 4,1 մլրդ դոլարը։ Ռուսական ոսկու վերարտահանումն էլ դարձավ Հայաստանի տնտեսության աճի լոկոմոտիվը։ Մի պահ ոսկեգործության ոլորտի աճերը հասել էին տասնյակ անգամների։ Բայց դրանք ոչ մի կապ չունեին մեր տնտեսության հետ, չնայած դրա արդյունքում տնտեսության մեջ բարձր աճեր էին գրանցվում։ Ցուցանիշներն աճում էին, իսկ տնտեսությունը դրանից ոչինչ չէր շահում, շահում էին անհատները, որոնք ռուսական ոսկու վերարտահանումների վրա մեծ գումարներ աշխատեցին։

Եթե ոսկու վերարտահանումները չլինեին, դժվար է անգամ ասել, թե հիմա ուր էր գլորվել տնտեսական աճը։ Դրա հետևանքները տեսանք հատկապես տարվա երկրորդ կեսին, երբ վերարտահանումները կրճատվեցին։ Տնտեսական աճի երբեմնի բարձր տեմպերը միանգամից գահավիժեցին։

Ռուսական ոսկու ներմուծման-արտահանման շնորհիվ այս տարի Հայաստանի տնտեսության մեջ որոշ աճեր արձանագրվեցին, բայց դա տնտեսությանը ոչինչ չտվեց։ Այն ժամանակ, երբ արտաքուստ արդյունաբերությունը բարձր տեմպերով աճեր էր գրանցում, տեղական արտադրության ծավալները նվազում էին։

 

Տնտեսության իրական հատվածում այսօր էլ աճ գրեթե չկա։ Ու դա է այն քաղաքականության արդյունքը, որին հասել են այս իշխանությունները։

Այդ քաղաքականության հետևանքով տնտեսության իրական ու առանցքային հատվածը հայտնվեց շատ ավելի ծանր վիճակում։ Կառավարությունը ոչ միայն ոչինչ չարեց ներքին տնտեսությունն արտաքին ճնշումներից պաշտպանելու համար, այլև հարձակվեց տնտեսության վրա։ Բյուջեն լցնելու համար աջ ու ձախ սկսեցին տեռորի ենթարկել տնտեսությանը։ Ոչ միայն համատարած ստուգումներով էին ահաբեկում բիզնեսին, այլև քրեական գործերով։ Չէին վերադարձնում արտահանման գերավճարները, բիզնեսին ստիպում էին հրաժարվել իրենց գումարներից։

Բայց անգամ նման փորձերը չփրկեցին կառավարությանը բյուջետային ձախողումից։ Արդեն տարեսկզբից բյուջեում սկսեց ճեղք առաջանալ, որը գնալով խորացավ, ու տարեվերջին ունենք այն, որ նախատեսված եկամուտների մեծ բաց է առաջացել։ Անգամ տնտեսությանն այդքան քամելուց հետո, բյուջեում միլիարդավոր դրամների թերակատարում է սպասվում։ Ֆինանսների նախարարության կանխատեսումներով, թերակատարումը կհասնի ընդհուպ 200 մլրդ դրամի, ինչն աննախադեպ է վերջին տասնամյակների կտրվածքով։ Կառավարությունը ձախողել է նախատեսված եկամուտների ստացումը՝ խնդիրների առաջ կանգնեցնելով նախանշված բազմաթիվ ծրագրերի իրականացումը։

Տարիներ շարունակ իշխանությունների կողմից հյուսված այն միֆը, որ փողի խնդիր չունեն, բյուջեի եկամուտները կատարում ու գերակատարում են, հօդս ցնդեց։ Մեծ ֆինանսական ճեղք է առաջացել բյուջեում՝ եկամուտները հավաքել չկարողանալու պատճառով։ Եկամուտների չհավաքման պատճառով հետաձգվել են նախատեսված ծրագրերը։ Դրա հետևանքով սրվել են նաև հաջորդ տարվա բյուջեի խնդիրները։

Այդ խնդիրները լուծելու համար կառավարությունը դարձյալ հույսը դրել է պարտքերի վրա։ Չնայած պարտքերի այնքան բեռ է հասցրել այս ընթացքում կուտակել, որ հայտնվել ենք պարտքային թակարդում։ Պարտքն անգամներով ավելի արագ է աճում, քան տնտեսությունը։ Բացառություն չէր նաև այս տարին։ Տարեվերջից մեկ ամիս առաջ կառավարությունը հասցրել է պարտքն ավելացել ևս 780 մլն դոլարով։ Սպասվում է, որ դեկտեմբերին պարտքը կավելանա ևս մի քանի հարյուր միլիոնով, իսկ աճը կգերազանցի 10 տոկոսը։ Եվ սա այն պարագայում, երբ տնտեսական աճի սպասումը հազիվ 5 տոկոս է։

Տնտեսական ու ֆինանսական խնդիրների համատարած ձախողումների պայմաններում, տարօրինակ կլիներ, որ միայն սեփական բարեկեցության մասին մտածող վարչախումբը մի քիչ էլ մտածեր հասարակության հոգսերը թեթևացնելու մասին։ Հասարակության բազմաթիվ խմբերի եկամուտներն այս տարի էլ չավելացան։ Փոխարենը՝ նրանք բախվեցին տարբեր ոլորտներից թելադրված ֆինանսական ծանրացումների, պաշտոնապես չերևացող բարձր գնաճի ու համատարած թանկացումների հետ։

Սոցիալական առումով այս մարդկանց կյանքի պայմանները վատացան, իսկ իշխանության բարիքներից իրենց չզրկող երիտհեղափոխականները շարունակեցին ավելացնել իրենց կարողությունները։

Հերթական տնտեսական տարին ոչինչ չտվեց երբեմնի «հպարտ» քաղաքացուն՝ ո՛չ աշխատավարձի, ո՛չ թոշակի, ու ո՛չ էլ նպաստի բարձրացում։ Նիկոլ Փաշինյանի ասած՝ «ապագա կա»-ն կրկին չեկավ այս քաղաքացիների համար։ Նրանք շարունակեցին նույնքան կամ ավելի վատ ապրել, քան ապրում էին նախորդ տարի։

Կշարունակեն ավելի վատ ապրել նաև հաջորդ տարի, քան ապրում էին այս տարի, քանի որ վարչախումբը, ինչպես այս տարի, բյուջեում միջոցներ չի գտել՝ այս մարդկանց կյանքը եթե ոչ՝ բարելավելու, ապա գոնե՝ չվատացնելու համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ