Հունաստանի դատական իշխանությունները հայտարարել են թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով Իզաթ Հանըմ Ջավադովայի կալանավորման մասին, որն ակումբներում հանդես է եկել որպես դիջեյ և հանդիսանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ազգականը (զարմուհին - խմբ.)։ Այս մասին հայտնում է Balkan Insight-ը։
Ջավադովան ձերբակալվել է դեկտեմբերի 30-ին Աթենքի մերձակայքում կազմակերպված երեկույթի ժամանակ, որտեղից ոստիկանությունը թմրանյութեր է առգրավել։
Հունական լրատվամիջոցների տվյալներով, դիջեյը հերքել է մեղադրանքները։
«Ես չեմ կազմակերպել երեկույթը կամ հրավերներ ուղարկել... Բացի այդ, նրանք ինձ մոտ թմրանյութեր չեն հայտնաբերել», - ասել է նա:
Ընդհանուր առմամբ, հունական ոստիկանությունը երեկույթին մասնակցող տասը մարդու է ձերբակալել թմրանյութեր պահելու, ապօրինի շրջանառության և տարածման մեղադրանքով, այդ թվում՝ դիջեյին։
Ջավադովան, որը ելույթներ է ունեցել ամբողջ Եվրոպայի ակումբներում, արդեն հայտնվել էր սկանդալների կենտրոնում։
2021 թվականին Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի ուսումնասիրման կենտրոնը (OCCRP), Transparency International-ի հետ համատեղ հետաքննության ընթացքում պարզել է որ Ջավադովան և նրա ամուսին Սուլեյման Ջավադովը հետաքննվում են Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության կողմից՝ կասկածելի աղբյուրներից 13.9 միլիոն ֆունտ ստեռլինգ ստանալու հաղորդումների պատճառով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը