26 12 2024

Առնվազն 5 ՔՊ-ական ու 2 համակիր մեղադրվելու են քրեորեն պատժելի արարքներ թույլ տալու համար․ Հայկ Դեմոյան

Առնվազն 5 ՔՊ-ական ու 2 համակիր մեղադրվելու են քրեորեն պատժելի արարքներ թույլ տալու համար․ Հայկ Դեմոյան

 Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը․

«ԿԵՑՑԵ, ԿԵՑՑԵ, ԿԵՑՑԵ

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ոգևորված է իր օգտին կայացրած դատավճռի կապակցությամբ ու «կեցցեներ» է ձոնել ՀՀ արդարադատությանը: Դե երևի այսօրվա իմ գրառումը, համակարգային կոռուպցիայի հետ կապված, չի հասցրել կարդալ: Ոչինչ, ներելի է:

Ասեմ Ձեզ, շատ հետաքրքիր է… Ա. Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում հայ մարզիկների մկանուտ ու քրտնած մարմինները գովազդելուց զատ, մեկ-մեկ էլ նյութեր է դնում հայաստանյան քաղաքական անցուդարձերի վերաբերյալ~ մոռանալով, որ դրսում 2018 թվականը չէ ու շինծու հեղափոխական տեքստերն ու ոգևորություններն այսօր ոչ մեկին չեն հետաքրքրում: Ճիշտ հակառակը, օրեցօր ՔՊ-ական խարդախությունների դիմաց հաշիվ պահանջողների քանակը շեշտակի ավելանում է:

Հիմա հարց.

Այդ նույն Արայիկ Հարությունյանն էր, չէ՞, որ 2020 թ. մայիսին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերից լիքը բան է անհետացել: Հետո պատգամավոր Աննա Կոստանյանը գրավոր հարցում ուղղեց իրեն, որ գա Ազգային ժողով ու հաստատի կամ հերքի իր ասածները: Ինչպես գիտենք, Արայիկ Հարությունյանն այդպես էլ չհերքեց իր ասածը, ոչ էլ հաստատեց հնարավոր հանցագործության դրվագները:

Մեկ տարի անց, ՀՑԹԻ նախկին տնօրեն Հարություն Մարությանի նախաձեռնությամբ, 2021 թ. դեկտեմբերին հարուցվում է քրեական գործ` հափշտակությունների դրվագով: Նախաքննության ժամանակ ծանուցագիր ստանալով՝ ներկայացա քննչական մարմիններին ու Հ. Մարությանի ներկայացրած, իբր կորած, իրերի ցուցակին ծանոթանալով՝ ցուցմունք տվեցի, որ գործ ունենք կեղծ տվյալների հետ, որը քրեորեն հետապնդելի արարք է: Տվեցի գրավոր ցուցմունք: Օրեր անց, երբ իմ նախաձեռնությամբ նոր ցուցմունքներ էի տալիս, խնդրեցի ցույց տալ Մարությանի ներկայացրած ցուցակը, որին ի պատասխան՝ ավագ քննիչ Լուսինե Հայկյանը հայտարարեց, թե իմ այդ գրավոր ցուցմունքը կորել է: Ֆեյսբուքյան իմ էջում այդ խայտառակ դրվագի մասին հիշատակելուց հետո, քննիչը գրավոր ծանուցեց ինձ, որ հրաշքով հայտնաբերել է իմ ցուցմունքները:

Հիմա գալով Արայիկ Հարությունյանին, պետք է ասեմ, որ Հարություն Մարությանի նախաձեռնությամբ հարուցված այդ քրեական գործի շրջանակում իմ ցուցմունքներում Արայիկ Հարությունյանին և Հովհաննես Հովհաննիսյանին մեղադրել եմ թանգարանին նյութական վնաս հասցնելու համար, նշել եմ Արայիկ Հարությունյանի հովանավորյալ անձի կողմից քրեորեն պատժելի արարքներ թույլ տալու մասին` նախաքննությանը տրամադրելով մինչ օրս չհրապարակված տեսանյութեր: Հովանավորյալի անձն ու տեսագրություններն անպայմանորեն կհրապարակվեն շատ շուտով: Նույն այդ գործի շրջանակում Արայիկ Հարությունյանի կուսակցական գործընկերները կասկածվում են Հայոց ցեղասպանության թանգարանից արժեքավոր գրքեր գողանալու համար: Խոսքը Արարատ Միրզոյանի ու Վլադիմիր Վարդանյանի մասին է:

Հետաքննությունը վարող քննիչին տեղեկացրել եմ նաև, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անվան տակ իրականացվել է փողերի լվացման գործողություն և որ այդ մասին տեղյակ եմ պահել ԱՄՆ-ի դեսպանությանը: Արայիկ Հարությունյանը պետք է իմանա նաև, որ իրենց իշխանության գալուց 10 օր անց «Հայաստան» համահայկական հիմնադրամից անհետացել է խոշոր գումար, որը, ըստ ամենայնի, կանխիկացվել ու դուրս է բերվել Հայաստանից: Այդ ընթացքում, ոչնչացվել են նաև իմ ստորագրությամբ երկու շատ կարևոր ֆինանսական փաստաթղթեր:

Վերոնշյալ բոլոր քրեորեն պատժելի գործողությունների դրվագները կոծկվում են հենց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամներ հանդիսացող Արայիկ Հարությունյանի ու Վլադիմիր Վարդանյանի կողմից:

Հիմա պա՞րզ է, թե ինչու քրեական գործը չի տեղափոխվում դատաքննության փուլ: Որովհետև Հարություն Մարությանի թեթև ձեռքով առնվազն 5 ՔՊ-ական ու 2 համակիր մեղադրվելու են քրեորեն պատժելի արարքներ թույլ տալու համար:

Դե իսկ հիմա իմ հերթն է գոռալ` կեցցեն ընտրովի արդարադատությունն ու հանցանքներ կոծկող և հանցակից պաշտոնյաները:

Գրառմանս ինֆորմացիոն-բարոյական հովանավորն է ՀՑԹԻ հոգաբարձուների խորհրդի անդամ Եղիշե Կիրակոսյանը»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ