20 12 2024

Իշխանությունը շատ խորն է պարտվել, և այդ պարտությունը ծավալվում է ամեն օր․ Հրանտ Մարգարյան

Իշխանությունը շատ խորն է պարտվել, և այդ պարտությունը ծավալվում է ամեն օր․ Հրանտ Մարգարյան

 

«Կամավորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարյանի ելույթը՝ Թեհրանում դեկտեմբերի 18-ին տեղի ունեցած ՀՅԴ 134-ամյակի միջոցառմանը.

«Ամոթով ենք, Արցախը մեզ հետ չէ։ Ամոթ է։ Հիմա պայքար չկա, գրեթե պայքար չկա, կրկնակի ամոթ է։

Պարտված պետություն ենք, ամեն օր ավելի ու ավելի ենք պարտվում։ Մենք պարտվում ենք մեզանից, մեր հաջորդ սերունդների հաշվին ենք պարտվում՝ կորցնում ենք մեր ու իրենց երազները, իղձերը, արժանապատվությունը, ազատ ինքնուրույն գոյատեւելու իրավունքը։

Օրըստօրե ավելի շատ են բացահայտվում պարտության զանազան երեսները, պարզվում է թե որքան խորն է մեր սրտում բացված պարտության վերքը։ Եվ այն չի սպիանա, չի սպիանա մինչև այն ժամանակ, որ մենք չստեղծենք ուժեղ ու կազմակերպված պետություն, մինչև որ ազգովի, մեր ազգային վերակազմակերպված բանակի հետ միասին չքայլենք դեպի Շուշի, Ստեփանակերտ, Մարտակերտ ու Հադրութ, Շահումյան՝ դեպի հաղթանակ։

Պարտություն կրողը, ՀՀ այսօրվա իշխանությունները շատ խորն են պարտվել, պարտվել են մինչև իրենց հոգու խորքը, այդ պարտությունը ամեն օր իրենց մոտ ծավալվում է՝ տակնուվրա են եղել իրենց մոտ մտքի տրամաբանության վերջին փշուրները, պարտությունը իրենց պարտված արժեհամակարգ է հուշում, պարտված մարդու տեսություններ, պարտված մարդու քաղաքականություն, պարտված մարդու մտածողություն։ Պարտությունը նոր մտածողության պատճառ է դարձել և հակասության մեջ են հայտնվել իրենց մոտ անցյալի հետ։ Չկա ոչ մի հույս, որ սրանցով մի օր փորձ կանենք շրջել պարտության էջը։

Նրանց մոտ առկա է մի պարզ բացատրություն՝ թշնամին ուժեղ է և եթե մենք ինչ որ հարցով համառենք, ինչ որ երազանքներ ունենանք, անգամ՝ մեր մտքում ինչ որ ծրագրեր ունենանք, թշնամին կարող է գրգռվի և մեր վերջը տա։ Նրանք չեն հասկանում, քանի թշնամին ուժեղ է իսկ մենք թույլ միշտ էլ հնարավոր է մեր վերջը բերի, դրա համար ոչ թե պետք է անընդհատ զիջել, հրաժարվել ծրագրերից, երազանքներից այլ ուղղակի կազմակերպվել, հզորանալ։

Սրանք ընդունելով պարտությունը իբրև վերջնական ճակատագիր, անշեղորեն գնում են պարտության ճանապարհով դեպի անդունդ՝ ինքնասպանություն։ Թվում է հույս չկա, նկատելի չէ, թե երբ, որ կետից սկսյալ կփորձենք մեր մեջքը շտկել, երբ, որ կետից սկսյալ կփորձնք համախմբվել, կազմակերպվել, բռունցք դառնալ և գնալ հույսի ճանապարհով, հզորացման ճանապարհով։

Պարտությունից ի հարկե դասեր պետք է քաղել, անկեղծորեն խոստովանելով թե ինչո՞ւ պարտվեց ռեժիմը, պարտվեց որովհետև պատրաստ չէր պատերազմի, գիտեր որ պատերազմ է սպասվում, բայց ճիշտ հակառակ բաներն էր անում, ավելի ճիշտ պատրաստվում էր պարտվելու։ Հիմա մեջբերելու եմ իմ մեկ ելույթը հրապարակայնորեն հնչած, 44օրյա պատերազմից մեկ տարի առաջ։

«Պատերազմի հավանակություն կա՞ թե չկա, կա։ Մենք պատրաստվում ենք պատերազմի թե չենք պատրաստվում։ Իսկ եթե պատրաստվում ենք, պատրաստվում ենք որ պարտվե՞նք, թե պատրաստվում ենք որ հաղթենք»։

Խոսքս շարունակելով, ասում էի՝ եթե որևե պետություն պատրաստվում է պատերազմի, փորձում է նվազագույնի իջեցնել ներքին հարցերը, համախմբել ժողովրդին, հող պատրաստել ազգային միասնականության համար, քաջալերել հայրենասիրությունը, մարտունակությունը, հզորացնել բանակը։ Իսկ այդ օրվա Հայաստանում պառակտվում էր ազգը, արհեստական բաժանարար գծեր էին քաշվում մեր մեջ՝ սևեր-սպիտակներ, ղարաբաղցի-հայաստանցի և այլն, իսկ բանակը ամեն օր վարկաբեկվում էր, կադրային ջարդ էր տեղի ունենում բանակում, ընկնում էր բանակի կազմակերպվածությունը, խանգարվում բանակի ներքին մթնոլորտը, իսկ արտաքին քաղաքականության ասպարեզում տղայական մոտեցումների ու դիլետանտիզմի պատճառով պետությունը սրում էր հարաբերությունները իր դաշնակիցների հետ և իբրև հետևանք՝ զրկվում զենքի մատակարարումից: Արդյունքում՝ խախտվել էր հակառակորդի հետ սպառազինության հավասարակշռությունը։ Եվ խոսքիս վերջում եզրակացնում էի, մենք չենք գնում ճիշտ ճանապարհով՝ փոխանակ ազգային միասնականությամբ ուժեղացնենք բանակը և պատրաստվենք հաղթելու պատերազմին, մենք թավագլոր, քանդվելով գնում էինք պարտության։ Եվ դիմագրավեցինք պարտություն։

Այժմ էլ չեն պատրաստվում հաջորդ պատերազմին, որը լինելու է և այս անգամ խնդրո առարկա է դառնալու մեր պետության լինել-չլինելու հարցը։ Չեմ վախեցնում, չարագուշակություն չեմ ուզում անել, ուղղակի ասում եմ պետք է պատրաստվել ապագա պատերազմին, որպեսզի այն տեղի չունենա, իսկ եթե ունենա մեր հաղթանակով ավարտվի։

Թվում է հարցերի հարցը այս իշխանություններից օր առաջ ձերբազատվելն է։ Մենք էլ, ինչպես ՀՀ-ում ընդիմադիր բազմաշերտ ճակատը լծված ենք այդ գործին՝ ազատվել այս իշխանություններից։

Բայց չենք ազատվում։ Մինչ այժմ փաստորեն չհաջողեցինք: Սակայն այս առիթով չեմ ուզում անդրադառնալ պատճառներին, այսօրվա խոսքիս բուն նյութը դա չէ։

Վստահ եմ, մի օր մի կայծ կլինի, որից հրդեհ կբռնկվի կամ ժողովրդային շարժման տարերային մի ալիք կգա, որը կվերածվի փոթորկի ու կքշի կտանի այս իշխանություններին: Սակայն խնդիրն այն է, որ մինչ այդ պարտության այս թիմը, թշնամու կամակատարը դարձած, նորանոր պարտությունների է տանում երկիրը։ Պետք է կասեցնել այս ընթացքը։ Պետք է փրկել երկիրը։ Ազատագրել Արցախը։

Գլխավորը հայրենիքի փրկությունն է։

Մեր հակառակորդը և թշնամին վախկոտ են, վախկոտները վտանգավոր են։ Թշնամին թեպետ, կարծում է, որ հաղթել է, բայց սարսափում է հայկական այսպես ասած՝ ՙռեվանշիզմից՚, ՀՀ-ի այսօրվա իշխանություններին, անխուսափելիորեն փոխարինող վաղվա Հայաստանից։ Ելնելով իրենց վախից՝ այդ ռեվանշիզմից ու վաղվա Հայաստանից, նրանք վստահ չեն սահմանափակվի եղածով, կփորձեն ընդարձակվել, տարածվել և հենց դա էլ կարող է իրենց վերջը բերել։

Իսկ ռեժիմը ներկայացնողը, իր վախից կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է։ Իր իշխանությունը և իրեն ֆիզիկապես փրկելու համար անընդհատ մեծացնում է ճնշումը ժողովրդի վրա, ընդիմության վրա, հեռանալով իր իսկ կողմից դրոշի վերածած ժողովրդավարությունից ու արդարությունից։

Ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը, ի՞նչ արդարության: Չի մնացել նման բան այսօրվա Հայաստանում: Իշխանությունների կողմից քաջալերվող, հաճախ սանձազերծվող բռնարարքները վերածել են Հայաստանը, բռնապետության: Ուրիշ ի՞նչ ասես, երբ ուժային կառույցները կամայականորեն են վարվում ընդիմության ցանկացած ամենափոքր շարժի հետ, հալածում են ոչ միայն ընդիմադիրներին, այլ նաև նրանց հարազատներին, իբրև ընդիմադիր անձի վրա ճնշման լծակ, նույնիսկ մարդիկ, իրենց բիզնեսով, ընտանիքով հալածվում են պարզապես ընդիմության մեկ ցույցի մասնակցելու համար։

Ավելին՝ մարդիկ հալածվում են անգամ արտահայտած մտքերի համար: Ամբողջ դատական համակարգը դարձել է վարչապետի կամակատարը։ Ժողովրդի ցանկացած ընտրություն որ ավարտվում է ոչ ՔՊականների հաղթանակով, զանազան ձևերով խանգարվում է, խլում են ժողովրդի քվեն։ Անօրինական կերպով ընդիմանում են ժողովրդի արտահայտած կամքին։ Հայաստանում չկա անկախ դատական, օրենսդիր համակարգ, ընտրություններ չկան, կա մի անձի իշխանություն։ Ուրիշ ինչպե՞ս է լինում բռնապետությունը։

Հասկանալի է բռնապետության դեմ պիտի պայքարել այնպես, ինչպես ժողովուրդները պայքարել են պատմության ընթացքում։

Եվ առկա է հարցերի հարցը, ձերբազատվել այս իշխանություններից, որպեսզի փրկենք հայրենիքը, բայց ինչպես ձերբազատվել այս իշխանություններից, որպեսզի կարողանանք փրկել հայրենիքը։

Այս վախկոտ իշխանությունները անհավասարակշիռ են՝ դաժան և անհայրենիք։ Իրենց իշխանությունները պահելու համար պատրաստ են քաոսի մատնել ամբողջ երկիրը, հայրենիքի դռները լայն բացելով թշնամու առաջ։ Քաոսը արագացնելու է թշնամու գործունեությունը, քաոսը ավելի վատ է քան այսօրվա վիճակը։ Բայց մեզ համար, իրերի այս վիճակում, ինքնանպատակ չէ այս իշխանություններից ձերբաատվելու հարցը։ Մենք ուզում ենք ազատվել սրանցից, որպեսզի փրկենք հայրենիքը, գլխավոր հարցը հայրենիքի փրկությունն է։

Ուրեմն ի՞նչ անել, ինչպե՞ս անել, որպեսզի փրկենք հայրենիքը։ Պիտի անդրադառնամ հարցերի, որոնց շեշտադրումները անձնական են։

1-Ընդիմությունը, իր բաղկացուցիչ բոլոր մասերով, պետք է իսկապես յուրացրած լինի, որ գլխավոր հարցը Հայրենիքի փրկությունն է և իշխանափոխությունը դրա ածանցյալն է։ Պետք է կազմակերպվել այդպես, պետք է վերցնել հենց այդ ուղղությունը և անընդհատ հրապարակայնորեն հնչեցնել սա, որպեսզի ժողովուրդը, ներառյալ՝ իշխանությունների հետևորդները համոզվեն, որ հարցը իշխանության համար աթոռակռիվը չէ, նախկիների վերադարձը չէ, այլ մեր հայրենիքի փրկությունն է։

2-Այսօրվա Հայաստանի ներքին կյանքում ամենաբացասական և վտանգավոր երևույթը հասարակության բևեռացումն է։ Բևեռներ, որոնք իրար հետ խոսակից չեն, միմյանց լսելի չեն։ Վաղվա Հայաստանում, մենք պետք է աշխատենք այդ ժողովրդի հետ, միասին երկիր կառուցելու, միասնաբար հաղթանակներ կերտելու համար, ուստի այսօրվանից մեր ժողովրդի այդ մասի հետ պետք է ունենանք հաղորդակցության ուղիներ, դաշտեր։ Առաջին հերթին եկեք հայհոյանքներին չպատասխանենք հայհոյանքով, անտեսենք։ Պետք է կարողանանք զսպել ատելության մթնոլորտը։

Մեր հիմնական անելիքը՝ ամենօրյա և տևական անելիքը, ժողովրդի հետ երկխոսելն է, ժողովրդի վրա ազդելը, մեր տեսակետները բացատրելը, մեր արժեհամակարգը տարածելը, այլապես միմյանց դեմ թշնամացած այս ժողովուրդը վաղվա Հայաստանի համար փորձանք է լինելու։ Հաշտվել միմյանց հետ, խոսակից դառնալ հարազատի պես։ Նախ պետք է ազդել մտքերի վրա։

Մենք չպետք է խուսափենք նույնիսկ իշխանության հետ երկխոսելուց, երկխոսությունը երբեք համագործակցություն չէ։ Թշնամիները, հակառակորդները, մրցակիցները հաճախ համդիպում են միմյանց, իրար ծրագրերից, մոտեցումներից, մտահոգություններից, իրավիճակի մասին ճշգրիտ տեղեկություններ ունենալու համար, դիմացի կողմի վրա ազդելու համար։ Պետք է երկխոսել ի շահ ժողովրդի, որպեսզի ակնհայտ դառնա, որ մեր կռիվը աթոռակռիվ չէ։

3-Ամեն մի փոփոխություն բերող շարժում հաջողելու համար գին ունի վճարելու, որին պատրաստ պիտի լինեն շարժման ղեկավարությունը, մասնակիցները։ Չի եղել մարդկային հասրակության մեջ մի շարժում, որ հաջողած լինի առանց հալածանքների, ձերբակալությունների, վիրավորների, լեզուս չորանա՝ զոհերի։

Անցած տարիներին, անգամներ ժողովրդական մեծ զանգվածներով բախվել ենք ոստիկանական բիրտ ուժին և նահանջել: Գիտեմ ղեկավարության պատասխանատվությունը մեծ է եղել, խնայել ենք ժողովրդին, նաև մտահոգվել ենք, որ այս լարվածությանը չի դիմանա ժողովուրդը, սակայն երբեք չենք հաշվարկել, որ այդ լարվածությանը չի կարող դիմանալ նաև իշխանությունը։ Ժողովրդական ուժերը անհամեմատելիորեն ավելի մեծ են՝ անսպառ են, քան ոստիկանական ուժերը։

Ի հարկե ամեն մի ալիքի բարձրացումով չի կարող տեղի ունենալ իշխանափոխություն, սակայն եթե մենք կարողանանք տևական ժամանակ դիմադրել, կարող ենք ինչ որ զիջում պարտադրել իշխանություններին, ինչ որ պահանջ բավարարել։ Կարևոր է ամեն մի ալիք ունենա ձեռքբերում, մինչև հաջորդ ալիքների բարձրացում, մինչև նպատակի իրականացում։

4-Մինչ վերջնական նպատակի իրականացում, մենք ապրող երկիր ենք և ունենք բազում հիմնական հարցեր, որ չեն կարող սպասել ձգձգվող նպատակի վերջնական հանգուցալուծմանը: Գուցե մենք չենք կարող բոլոր ընդիմադիր ուժերից նման բան ակնկալել, բայց Դաշնակցությունը այն համահայկական և ազգային կազմակերպությունն է որ կարող է և պետք է նախաձեռնի որոշակի ազգային ծրագրերի իրագործմանը, հանուն մեր երկրի, վաղվա Հայաստանի անվտանգության ու հզորացման։

Մենք ժամանակ չունենք, ավելի ճիշտ նույնիսկ ուշացել ենք: Պետք է համախմբել բովանդակ հայ ժողովրդի մարդկային, գիտական, նյութական կարողությունները ռազմարդյունաբերությունը կազմակերպելու, զարգացնելու համար։ Խոսքը արդիական ռազմարդյունաբերության մասին է։ Ռազմարդյունաբերությունը պետք է դառնա մեր տնտեսության հիմնական ուղղություն։

Հզորացնել բանակը։ Բանակին զուգահեռ՝ կազմակերպելով, մարզելով, ապահովելով արդիական միջոցներ համահայստանյան, ինչու ոչ համահայկական աշխարհազորը: Հասնել բանակի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը։

Կազմակերպել համահայկական բոլոր ուժերից միացյալ շտաբ, համահայկական պայքար շղթայազերծելու ամբողջ աշխարհով մեկ Ադրբեջանում գերավարված Արցախի մեր հայրենակիցների ազատ արձակման համար։ Այստեղ մասնավորաբար շեշտում եմ ժողովրդական ցուցարարական նախաձեռնությունների մասին, որովհետև ցանկացած քաղաքական, դիվանագիտական հարաբերություն, պետք է գետնի վրա ունենա թիկունք, մթնոլորտ։ Այս առումով համահայկական մասշտաբով պետք է գրոհել։

Միացյալ կազմակերպված ուժերով պետք պահանջենք, ստիպենք իշխանություններին՝ ամեն ինչ անելու, որպեսզի արցախցիները մնան Հայաստանում, ունենան հնարավորություն մնալու, իշխանությունների պակաս գործն էլ մենք լրացնենք համահայկական ներուժով։

Արցախցիներին աչքի լույսի պես պիտի պահենք Հայաստանում, նրանք Հայաստանի հանրապետությունից մի տեղ ունեն գնալու՝ հետ դեպի Արցախ։

Արցախցին այսօր պայքար է ուզում, կացություն ստեղծող պայքար, որպեսզի տեսանելի լինի Արցախ վերադառնալու, Արցախը ազատագրված տեսնելու հույսը։

Այս հարցերում, մենք չպետք է խուսափենք իշխանությունների համապատասխան գերատեսչությունների հետ համագործակցելուց։ Մեր այդ գործակցությունը չի ենթադրում նրանց իշխանությանը լիգիտիմություն տալ, դրանով մենք ստիպում ենք նրանց նպաստել մեր ծրագիրների իրագործմանը: Նրանք պետք է չկարողանան, չհամարձկվեն հակադրվել։

Գիտեմ, հիմա շատերը ասելու են, այս ինչ երևակայական սպասելիքներ ունեք այս իշխանություններից, որոնք անցած 6 տարիների ընթացքում ապացուցել են, որ անհայրենիք են, անհանդուրժող, իրենց որդեգրած ուղին այլ է մերը այլ։ Ճիշտ են ասելու, բայց հարցը այն է, որ մենք շարունակ պետք է ասպարեզ դուրս գանք այս տրամադրություններով, նախաձեռնություններով, որպեսզի եթե նույնիսկ չենք կարողանում ապահովել իշխանությունների պարտադրված գործակցությունը մեր ծրագրերի իրականացման համար, կարողանանք ի ցույց դնել բոլորին, որ կա անհայրենիք իշխանություն, իսկ նրանց դիմաց հայրենասեր ընդիմություն։

Անկեղծ՝ ես էլ հավանական չեմ համարում, որ ասածս արձագանգ կգտնի իշխանությունների կողմից, թեպետ ասում են՝ հույսը վերջում է մեռնում, բայց մեր հայտարարությունները, մեր կեցվածքները բխում են մեր էությունից և առաջին հերթին և հիմնականում ուղղված են ժողովրդին, նրանից ակնկալելով համապատասխան արձագանք։

5-Ասում են Սփյուռքը հուսախաբ է Հայաստանից և այդ իսկ պատճառով պասիվ։ Հայրենիքը ծնողի նման մի բան է, նրանից հուսախաբ չեն լինում, նրա նկատմամբ ունենում են միայն պարտականություններ, պարտավորություններ։ Եթե նույնիսկ Հայաստանը հիվանդ է, թույլ և տկար, պետք չէ հուսախաբվել, որովհետև այդ թույլ, հիվանդ, տկար Հայաստանը ավելի մեծ հայրենասիրության կարիք ունի, հայրենասերների հոգատարության կարիք ունի։ Իսկ եթե հուսախաբ էք, որ հայրենի ժողովրդի մի մասը այս իշխանություններին է քվարկում և ազգային այսքան մեծ կորուստից հետո նույնիկ չի կողմնորոշվում, ապա պիտի ասեմ, երբեք մեղավոր չէ ժողովուրդը, ինչպես ցանկացած ժողովուրդ մեր ժողովուրդը նույնպես ղեկավարվում է, իսկ մենք իբրև այս ժողովրդի ղեկավարության հավակնություն ունեցող ուժ թերացել ենք, չենք կազմակերպել ժողովրդին, մեր խոսքը ազդու չի եղել, տեղ չի հասել։ եթե կա մեղավոր մենք ենք, ոչ թե ժողովուրդը։

Իսկ, ինձ համար հարց է, մենք ո՞ր Հայաստանից ենք հուսախաբ՝ ռեժիմից ու իրենց քվարկողների՞ց, հապա ինչո՞ւ չենք տեսնում այն Հայաստանը, որի երիտասարդությունը ինքնակամ, առանց անհրաժեշտ սպառազինության կռվի դաշտ է մեկնում և ընկնում, իսկ վիրավորները և դեռ չվիրավորվածները կրկին ու կրկին կռվի դաշտ են մեկնում, հարենիքին իրենց պարտքը տալով։ Ինչպե՞ս չենք տեսնում այն հազարավոր երիտասարդներին, որ օրերով, շաբաթներով քաշքշուկի են բռնվում ոստիկանության հետ, ծեծվում, բանտարկվում, աշխատանքից հեռացվում, բայց մնում են պատնեշի վրա։ Ինչպե՞ս չենք տեսնում հարյուրավոր մտավորականների, մշակույթի ներկայացուցիչների, ուսուցիչների որոնք միմիայն ճշմարտության մասին խոսելով զրկում են իրենց հնարավորություններից, իրենց ասպարեզում առաջընթացից, հաճախ՝ աշխատանքից:

Մենք մեկ ազգ ենք, ունենք նույն օրակարգը։ Ով պասիվ է կամա-ակամա Նիկոլի հետ է։ Մեզ հետ եղեք, մեր պայքարի հետ եղեք, մասնակից եղեք և մենք ավելի հզոր կլինենք, ավելի ազդեցիկ, և վստահեցնում եմ կվերանան ձեզ հուսահատեցնող բոլոր երևույթները մեր հայրենիքում։ Եվ դուք ձեր ու մեր բոլորի հայրենիքով հպարտ կզգաք, ինչպես հպարտ էինք, երբ ազատագրում էինք Շուշին, Արցախը։

Տարածաշրջանը տակնուվրա է լինում, մեզ լավ օրեր չեն սպասում, Քրիստափորյան տրամաբանությամբ նոր քարտեզներ են ձևավորվում, ով ուժեղ է կամք է պարտադրում՝ արհամարհելով բոլոր միջազգային օրենքներն ու օրգանները՝ մարդու իրավունքներ, միջազգային դատարան, ՄԱԿ և այլն։

Ով եղունգ ունի թող իր գլուխը քորի։ Մեզ համախմբվածություն, կազմակերպվածություն է պետք, հույսը ուրիշի վրա դնել ապարդյուն գործ է, մեր հույսը մենք ենք։ Սակայն նաև ճամբարից ճամբար թռչկոտելու ժամանակը չէ, կանխատեսելի հարևանը նախընտրելի է հեռու բարեկամից։

Աշխարհաքաղաքական վերջին իրադարձությունները հուշում են, որ նույնիսկ մոտ ապագան հղի է վտանգներով մեզ համար։ Թվում է, որ վաղվա վտանգը այնքան իրական է ու շոշափելի, որ պետք է զգաստության մղի իշխանություններին։ Ասում են օրհասի ժամանակ եթե մատները բռունցք չեն դառնում գլուխն են տալիս։ Իշխանության անելիքը մատները բռունցքելն է՝ հայրենիքի փրկության ծրագիր մեջտեղ բերելով ու այդ ծրագրի շուրջ բոլորին համախմբելով։

Հայոց աշխարհը և նրան զուգահեռ արդար աշխարհը ՀՅԴ ալֆան է ու օմեգան։ Մեր գոյության իմաստը Հայաստանն է ու հայ ժողովուրդը նաև անարդարության դեմ պայքարը։ Մենք չենք ստեղծվել իշխանություն դառնալու համար, ինչ որ անձի կամ անձանց իշխանություն բերելու համար, մեզ համար իշխանությունը նույնպես միջոց է Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգ գոյությունը և համընդհանուր զարգացումը ապահովելու համար, ձգտելով ունենալ արդար աշխարհ։

Հայաստանն ու հայ ժողովուրդը ոչ թե մեզ համար միջոց են անհատական կամ խմբակային կարիերա ապահովելու համար, ինչպես է շատ ու շատ կուսակցություննեի ու շրջանակների համար, այլ մենք ամբողջ էությամբ Հայրենիքինն ենք ու ազգինը։

Մենք հայրենիքի ու ազգի զինվորներն ենք, որտեղ հայկական շահ կա մենք դրա պաշտպանն ենք, որտեղ հայ ժողովրդի անվտանգությանը սպառնալիք կա մենք նրա վահանն ենք։ Հայրենիքի կորցրած ամեն մի նշխար մեզ համար սուրբ է ու այն ազատագրելու պայքարի կամավորական բանակն ենք մենք։

Մեր պետականության անվտանգության, զարգացման համար մենք հումք ենք։

Ողջույն ՀՅԴ-ին, մեր հույսի, հավատի, մեր կամքի կուսակցությանը, փառք ու պատիվ Դաշնակցության նահատակներին; Ողջույն մեր հարազատ կուսակցության 134-ամեակին։

ՀՅԴ-ը, որ ամենամեծ ներդրումն է ունեցել Արցախի ազատագրական պայքարում, մենք, որ միայն մեր կուսակցական շարքերից ավելի քան հարյուրավոր զոհեր ենք տվել այդ պայքարում։ Մենք չենք հաշտվելու պարտության հետ, իրավունք չունենք հաշտվելու։ Եվ մենք վճռական ենք, ամեն ինչ անելու ենք՝ կազմակերպվելու, ազգովի բանակ դառնալու, ինչպես ժողովրդային ասացվածքն է ասում՝ «սատանայի հետ համագործակցելու», որպեսզի ազատագրենք Արցախը, հզորացնենք հայկական բանակը, կազմակերպենք պետությունը, ստեղծենք ազգային միասնականություն։ Նորից սկսել, մենք այլ ելք չունենք։ Մենք դա կարող ենք անել։

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը իր խոսքը ասելու է»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ