06 12 2019

Չի կարելի անմեղ ու անփորձ երիտասարդներին դրդել լրտեսության. Հրանտ Մարգարյան. Tert.am

Չի կարելի անմեղ ու անփորձ երիտասարդներին դրդել լրտեսության. Հրանտ Մարգարյան. Tert.am

Tert.am–ը հայաստանյան ներքաղաքական հարցերի շուրջ զրուցել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ, ով վերջերս է ստեղծել «Կամավորական շարժում» ՀԿ–ն։ Հրանտ Մարգարյանն ասում է, որ ՀՅԴ–ն երբևէ չի ղեկավարվել միանձնյա։ Նա նույնիսկ ավելորդ է համարում խոսակցությունները, որ ինքը ստվերից է կառավարում կուսակցությունը։

Հարցազրույցը կարդացեք ստորև։

-Պարո՛ն Մարգարյան, վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ չնայած Դուք հեռացել եք ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչի պաշտոնից, այնուամենայնիվ շարունակում եք կուսակցության ստվերային ղեկավարումը: Ի՞նչ կասեք այս մասին։

- Այս տարվա սկզբին կայացած ՀՅԴ հերթական ընդհանուր ժողովի ժամանակ իմ թեկնածությունը չներկայացրի բյուրոյի անդամ ընտրվելու համար: Այդպիսով, փաստորեն հրաժարվեցի քաղաքական գործունեության ղեկավարման մեջ դերակատարություն ունենալուց: Այդ ժամանակ դեռ որոշումս հիմնավորել եմ և հայտարարել, որ որևէ կողմնակի դրդապատճառ այդտեղ չկա և չի կարող լինել, ինչպես նաև վստահեցրել եմ, որ չեմ պատրաստվում վարագույրների հետևից շարունակել ղեկավար գործունեություն ծավալել: Հիմա էլ ստիպված եմ կրկնել նույնը: Քանի որ, հատկապես վերջին օրերին, ականատեսն եմ կազմակերպված և հետևողական մի քարոզչության, ավելի ճիշտ՝ ասեկոսեների և բամբասանքների, որոնց նպատակն է ապակողմնորոշել հանրությանը և ներկայացնել, թե իբրև շարունակում եմ ղեկավարել իմ կուսակցության կողմից վարվող քաղաքականությունը:

Նրանք, ովքեր կանգնած են նման բամբասանքների հետևում, պարզապես չեն ճանաչում մեր կուսակցությանը և չգիտեն, որ այն որևէ ժամանակ չի ղեկավարվել միանձնյա կերպով, ուր մնաց հանդուրժի որևէ մեկի կողմից ստվերային ղեկավարում:

Նրանք կա՛մ ուզում են այդ կերպ նսեմացնել Դաշնակցության ներկա ղեկավարության գործունեությունը, կա՛մ չեն կարողանում թաքցնել իրենց անհանդուրժողական կեցվածքը Դաշնակցության դեմ ընդհանրապես:

- Կուսակցության ղեկավար մարմիններից դուրս գալուց հետո, կարծես թե, պասիվ եք, վերջին մեկ տարում քաղաքական գործընթացներում չեք, ինչո՞ւ:

-Այո, որ վերջին մեկ տարվա ընթացքում հնարավորինս խուսափել եմ հանրային ակտիվությունից և հրապարակային ելույթներից՝ իմ բաժին գործն ու առաքելությունը համարելով միայն երկրի անվտանգությունը, պաշտպանությունը և Արցախի ազատագրական գործի անշեղ ընթացքի ապահովումը:

Ընդամենը երկու անգամ եմ հանդես եկել հրապարակային խոսքով՝ երկու անգամն էլ խոսքիս առանցքը եղել է Արցախը: Երկու դեպքում էլ շեշտել եմ, որ երկրում ընթացող քաղաքական պայքարը որևէ պարագայում չպետք է խախտի երկրի կայունությունը, որը հիմնական գրավականն է Արցախի անվտանգության:

-Դրա՞ն է առնչվելու «Կամավորական շարժում» ՀԿ-ի ստեղծումը:

- Վերջերս, մի խումբ ընկերների հետ նախաձեռնել եմ«Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության ստեղծումը: Սա եմ համարում իմ հետագա գործը և այս գործով եմ պատրաստվում նախկինի պես շարունակել ծառայել Հայաստանի և հայ ժողովրդի ազատագրության դատին:

- Պարո՛ն Մարգարյան, ՀՅԴ շարքերից արտաքսված ուսանողների մասին ի՞նչ կասեք,  խնդիրներ ու պահանջներ են ներկայացնում, հետևո՞ւմ եք գործընթացներին:

- Ինչ վերաբերում է այդ զարգացումներին, ուզում եմ ընդամենը մտահոգությունս ու ցավս հայտնել առ այն, որ ոմանք փորձում են օգտագործել երիտասարդներին՝ նոր սերունդը իրենց քաղաքական խարդավանքներում: Սա անթույլատրելի է: Չի կարելի անմեղ ու անփորձ երիտասարդներին դրդել լրտեսության ու դավաճանության: Ավելին` այս կապակցությամբ ասել չեմ կամենում:

Վերջում միայն ավելացնեմ, որ ով էլ լինի Դաշնակցության ղեկավար կազմում, Դաշնակցությունն իր շարքերով շարունակելու է հայապահպան ու ազգապահպան իր գործունեությունը և թույլ չի տալու դրանից որևէ շեղում: Եվ որևէ մեկին չի հաջողվելու արգելել մեզ մտածել, արտահայտվել ու գործել:

Ի դեպ, հատուկ չեմ ուզում անդրադառնալ այս օրերին ԱԺ ամբիոնից և այլ հարթակներից հնչող ամենացնորամիտ հայտարարություններին և մեղադրանքներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ