Պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լիբանանում զինադադարի կնքումը․
Կիսվում եմ հիմնական նկատառումներով․
1. «Հեզբոլլահը» կանգուն մնաց։ Իսրայելը չկարողացավ ոչնչացնել կազմակերպությունը կամ անդառնալիորեն խարխլել նրա ներուժը։ Արդարության համար պետք է նշել, որ պաշտոնապես նման նպատակ չէր դրվել։ Միևնույն ժամանակ, «Հեզբոլլահը» զգալիորեն թուլացել է։ Զինադադարի պայմանները հնարավորություն են տալիս վերականգնման․ համաձայնագիրը չի ներառում կազմակերպության զինաթափումը։ «Հեզբոլլահի» մասնակցությունը հումանիտար հարցերին՝ կապված Լիբանանի հարավային բնակիչների վերադարձի հետ, թույլ է տալիս նրան ներկայություն ունենալ այն տարածաշրջաններում, որտեղ, ըստ համաձայնագրի, այն չպետք է լինի։
2. Իսրայելը պահպանել է մանևրելու ազատությունը։ Ըստ համաձայնագրի՝ նա կարող է դիմել ակտիվ գործողությունների հարավում՝ սպառնալիքների դեպքում։ Սա Իսրայելի համար կարևոր նվաճում է ընդհանուր հաջողության բացակայության պայմաններում, քանի որ «Հեզբոլլահի» ոչնչացում կամ զինաթափում տեղի չունեցավ։ Միևնույն ժամանակ, Իսրայելի ղեկավարությունը կարող է կատարել իր խոստումը բնակչությանը․ ստեղծվել են պայմաններ հյուսիսային շրջանների բնակիչների իրենց տներ վերադառնալու համար։
3. Նոր համաձայնագիրը մեծ մարտահրավեր է Լիբանանին՝ որպես պետություն։ Հիմնական պատասխանատվությունը առանցքային հարցերի վերաբերյալ դրվում է նրանց վրա․ թույլ չտալ «Հեզբոլլահի» ամրապնդումը երկրի հարավում, կանխել զենքի տեղափոխումը և այլն։ Լիբանանի բանակը որքանո՞վ կկարողանա վերահսկել իրավիճակը՝ մեծ հարց է։ Ճնշում կլինի թե՛ «Հեզբոլլահի», թե՛ Իսրայելի կողմից, որը կդիմի լիբանանյան ուժերին՝ պահանջելով ապահովել «Հեզբոլլահի» խախտած պայմանավորվածությունների պահպանումը։
4. Իրանը պետք է ջանքեր գործադրի «Հեզբոլլահի» վերականգնման համար՝ որպես կազմակերպություն և նրա ռազմական ներուժի համար։ Այս պահին քաղաքական կամք և բավարար հնարավորություններ կան։ Հնարավոր է, որ հենց Իրանը դառնա Իսրայելի հիմնական թիրախը «Հեզբոլլահի» և «ՀԱՄԱՍ»-ի թուլացումից հետո։
Պատերազմը չի ավարտվել։ Խաղաղությունը հավերժական չէ։ Սահմանները ֆորմալ են»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը