28 11 2024

Ձմռանն ամառային անվադողերով երթևեկողները կտուգանվեն

Ձմռանն ամառային անվադողերով երթևեկողները կտուգանվեն

Կառավարությունն առաջարկում է արգելել ձմռանը ոչ ձմեռային անվադողերով երթևեկությունը։

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Կառավարության նիստի ժամանակ նկատեց, որ երկրում ձյան կամ հորդառատ տեղումներով պայմանավորված՝ գրանցվում են ՃՏՊ-ներ, որոնք մեծ մասամբ հետևանք են վարորդների կողմից եղանակային պայմաններին չհամապատասխանող անվադողերով երթևեկելու:

Ըստ այդմ՝ Կառավարությունն առաջարկում է ավելացնել նոր պայման՝ արգելվի տրանսպորտային միջոցների շահագործումը, եթե նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31 ներառյալ թեթև մարդատար ավտոմոբիլների վրա տեղադրված չլինեն ձմեռային անվադողեր։
Միաժամանակ, ամռանը կարգելվի «բութիկավոր» անվադողերով երթևեկելը։

Կանոնը կգործի դեկտեմբերի 10-ից։

Կանոնները խախտելու դեպքում տուգանքը կկազմի 5000 դրամ, իսկ եթե նման անվադողերով մեքենան հայտնվել է ավտովթարի մեջ, ապա տուգանքը կկազմի 20 000 դրամ:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, սակայն, անլուրջ համարեց 5 հազար դրամ տուգանքը և հավելեց. «Սենց սիմվոլիկ տուգանքներով չի աշխատելու կարգավորումը: Եթե այդպիսի ավտոմեքենան ձմռանը վթարի է ենթարկվել, ես կարծում եմ՝ հաջորդ ապահովագրության վճարը պետք է 10 անգամ ավելի բարձր լինի, քան ստանդարտը: Եթե մենք ապահովագրական մեխանիզմների ճնշումը այս կարգավորումներին զուգահեռ չմեծացնենք, հաշվի առնելով ավանդույթները, մարդիկ ուղղակի սպասում են ակտի: Առավելեւս, եթե իրենց վտանգը 5 հազար դրամի տուգանքն է, վախենամ, որ սպասեն տուգանքի, այլ ոչ թե կատարեն պահանջը:

Սա շատ լուրջ հարց է, քանի որ երրորդ անձանց գույքային իրավունքի եւ կյանքի հարց է; Անվադող ձմռանը չփոխելը մարդասպանություն է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ