Օրհներգը մինչ այժմ կատարվում էր աղավաղված տարբերակներով, անորակ ձայնագրություններով և տարբեր տեսակի մեկնաբանություններով։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը:
«Առաջարկված նախագծով կունենաք մեկ միասնական տարբերակ, որը կօգտագործվի բոլոր միջոցառումներին՝ որակյալ ձայնագրություններով և ճշգրիտ կատարումներով։ Հիմնը պետք է ունենա իր դինամիկան, որպեսզի տրամաբանական զարգացում կատարվի։
Առաջին տնով մենք խոսում ենք հայրենիք-պետության մասին, երկրորդ տնով՝ ազատության փիլիսոփայության մասին, երրորդ տնով խոսում ենք մեր պետականության մյուս կարևոր նշանի՝ դրոշի մասին և վերջապես վերջացնում ենք ուղերձով՝ «Թող միշտ պանծա Հայաստան»: Դա ուղերձ է այսօրվա քաղաքացուն»,- ասաց փոխնախարարը։
Դիտարկմանը, որ դրանով խախտվում է Միքայել Նալբանդյանի հեղինակային իրավունքը, փոխնախարարն ասաց. «Դուք երևի թե չգիտեք պատմությունը, Միքայել Նալբանդյանը գրել է «Իտալացու աղջկա երգը», որն ընդհանրապես ուրիշ տրամաբանությամբ և ուրիշ ակնկալիքներով ստեղծագործություն է եղել: Իսկ հիմա մենք խոսում ենք պետական օրհներքի մասին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը