Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը աջակիցների հետ ակցիա է իրականացնում Նախագահի նստավայրի մոտ։ Պատճառը նախագահի կողմից այսօր ստորագրված սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքն է:
Բագրատ Սրբազանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ գործընթացն ակնհայտ, ծայրից ծայր ստախոսություն է:
Ինչ վերաբերում է շարժման գործողությունների ուշացած լինելուն, Սրբազանն ասաց, որ իրենց գործողություններն ուշացած չեն, ճիշտ ժամանակին են, արձանագրումներ են, որոնք մեծ մասամբ իրազեկման կարիք ունեն:
«Մենք անում ենք այն, ինչ ծրագրել ենք: Մի բան արձանագրեք՝ անկախ նրանից այս շենքերում մարդիկ կան թե ոչ, այդ մարդիկ բացակա են: Փաստացի, եթե նույնիսկ ստորագրած էլ չլինեին, մենք այստեղ գտնվեինք նույն հորդորով ու պահանջով, նույն արձագանքն էր լինելու, ինչը որ հիմա կա: Մեր երկրում ոչ մի ինստիտուտ չի գործում՝ ո՛չ օրենքով, ո՛չ սահմանված կարգով, ո՛չ էլ բարոյական իմաստով»:
Սրբազանը նաև համաձայն չէ այն դիտարկումներին, թե Շարժման շարքերը նոսրացել են:
«Մեր աջակիցներն ամենուր են, որ ժամին պետք եղավ՝ իրենք կհավաքվեն, մեր շարքերը չեն նոսրացել»,- նշեց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը