ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի՝ Կալիֆոռնիայում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ զինված տղամարդ է ձերբակալվել: Նրա մոտ նաև եղել է կեղծ մամուլի անցագիր, հայտնում է The Guardian-ը:
Լաս Վեգասի բնակիչ Վեմ Միլլերին ոստիկանները բռնել են անցակետում՝ հանրահավաքի մուտքից մոտ 800 մետր հեռավորության վրա: Ոստիկանությունը հայտնել է, որ Միլլերը կրում էր լիցքավորված որսորդական հրացան, ատրճանակ, մեծ քանակությամբ փամփուշտներով պահունակ: Նա ազատ է արձակվել 5,000 դոլար գրավի դիմաց:
Ռիվերսայդի շրջանի շերիֆ Չադ Բյանկոն կիրակի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ հավատում է, որ Միլլերը ծրագրում էր սպանել Թրամփին, բայց ընդունել է, որ դա կարող է նաև «շահարկում» լինել:
Ինքը՝ Միլլերը, իր դեմ մեղադրանքները որակել է «լիակատար անհեթեթություն» և ասել, որ ցնցված է ձերբակալությունից:
Հիշեցնենք, որ վերջին չորս ամսում Թրամփի դեմ հանրահավաքների ժամանակ երկու մահափորձ է իրականացվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը