«Մենք բազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ»,- Ֆրանկոֆոնիայի 45-րդ նախարարական համաժողովին ուեցած ելույթում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա ելույթում մասնավորապես նշել է. «Հայաստանը ողջունում է «Ֆրանկոֆոն տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ բանաձևի» նախագիծը, որում մեզ հաջողվել է համակողմանի անդրադառնալ Ֆրանկոֆոն տարածաշրջանում առկա անվտանգային սպառնալիքներին և մատնանշել դրանց հաղթահարման ուղիները։
Կարևոր ենք համարում, որ բանաձևն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին՝ հիմնված պետությունների տարածքային ամբողջականության հարգման վրա՝ համաձայն 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի։ Բանաձևը ողջունում է նաև 2024թ. ապրիլի 19-ի Արձանագրությունում վերահաստատված սկզբունքների հիման վրա միջպետական սահմանի սահմանազատման ուղղությամբ արձանագրված առաջընթացը և խրախուսում տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերաբացումը՝ ինքնիշխանության, ազգային իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների նկատմամբ հարգանքի հիման վրա։
Հայաստանը հանձնառու է շարունակելու իր ջանքերը՝ միտված տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման օրակարգի առաջմղմանը։ Մենք բազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ։ Վստահ եմ, որ ֆրանկոֆոն ընտանիքի աջակցությունը խաղաղության գործընթացին դրական ազդակ կհաղորդի դրան»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը