02 10 2024

Լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը հետագա ռազմական պլաններ ունի Հայաստանի նկատմամբ. Միրզոյան

Լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը հետագա ռազմական պլաններ ունի Հայաստանի նկատմամբ. Միրզոյան

Հայաստանը չի տեսնում Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասը ստորագրելու քաղաքական կամք։ Այս մասին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ասել է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը։

«Լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը հետագա ռազմական պլաններ ունի Հայաստանի ու Հայաստանի տարածքների նկատմամբ։ Ես օրինակ կարող եմ բերել, հիմա Ադրբեջանն օգտագործում է «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը»,- ասել է Միրզոյանն ու ավելացրել, որ Բաքուն «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ հասկանում է Հայաստանի գրեթե ողջ տարածքը։

Միրզոյանի խոսքով, Բաքուն իրենց վստահեցնում է, որ դա տարածքային պահանջ չէ, սակայն տպավորությունը լրիվ այլ է։

«Ոչ իմ կառավարությունը, ոչ էլ ես չեմ կարող վստահություն հայտնել Ադրբեջանի խաղաղ նպատակների մասին: Պատկերացեք․ մենք ունենք իրավիճակ, երբ ունենք արդեն խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստ, որը նախագիծ է, բայց չենք ստորագրում այն: Ադրբեջանը որոշել է խուսափել այս խաղաղության համաձայնագրի ստորագրումից ինչ-որ պատճառներով, հաշվարկներով, նոր պայմաններով: Մենք տեսնում ենք, որ նրանք պարզապես չեն ցանկանում ստորագրել պայմանագիրը»,- ասել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ