01 10 2024

Թուղթը երբեք խաղաղություն չի նշանակում․ Արմեն Գևորգյան

Թուղթը երբեք խաղաղություն չի նշանակում․ Արմեն Գևորգյան

ԵԽԽՎ-ում  Հայաստանի ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը ելույթ է ունեցել Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի վերաբերյալ քննարկման ժամանակ՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությանը․

«Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումից մեկ տարի է անցել: Լեռնային Ղարաբաղում իրենց նախնիների օջախները կորցրած առնվազն 120.000 հայեր հուսահատության մեջ են և զրկված ապագայից: Ադրբեջանն ավելի քան մեկ տարի անպատիժ ոչնչացնում է Արցախում հայկական ժառանգությունը՝ մեր ժողովրդի ինքնությունը։ Բաքվում են մնացել տասնյակ հայ գերիներ, նրանց թվում՝ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը։ Իրավիճակն օրեցօր վատթարանում է։

Միևնույն ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունենում «խաղաղության գործընթաց», որտեղ հայկական կողմը փորձում է ամեն գնով խաղաղության համաձայնագիր կնքել, մինչդեռ Ադրբեջանը շտապողականություն չի ցուցաբերում։ Այս գործընթացում ուժային հիմնական կենտրոններն ակտիվորեն հետապնդում են աշխարհաքաղաքական տարբեր նպատակներ։ Այս պայմաններում Ադրբեջանը հեռացրել է բոլոր լուրջ միջնորդներին, այժմ էլ փորձում է վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որպեսզի չեղյալ համարի ղարաբաղյան բանակցությունների ողջ պատմությունը։ Միջազգային համայնքի, այդ թվում՝ մեր կազմակերպության անգործությունը միայն խրախուսում է Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվությունը։ Մինչ մնացյալ աշխարհը, այդ թվում՝ Հայաստանի ղեկավարությունը, հույս ունի հասնել խաղաղության, Ադրբեջանը շարունակում է ռազմականացումը՝ ռազմական օբյեկտները մոտեցնելով Հայաստանի միջազգային սահմանին և երբեք չի դադարում ագրեսիվ հռետորաբանությունը՝ այժմ արդեն Հայաստանի Հանրապետության տարածքների դեմ: Արդյունքում իսկական խաղաղությունը փոխարինվում է ցանկալիի պատրանքով։

Իրականում բանակցային գործընթացն ընթանում է Հայաստանի և թյուրքական դաշինքի միջև, որը գետնի վրա ձգտում է հասնել իր առավել նախընտրելի և «վերջնական լուծումներին»։ Բանակցային գործընթացի հիմքում բացակայում է բոլոր նախապայմաններից ամենահիմնարարը՝ միմյանց գոյության իրավունքի ճանաչումը։ Թուրքիայի և Ադրբեջանի դաշինքը հետամուտ է հայկական հարցի «վերջնական լուծմանը»՝ հետապնդելով տեղում թյուրքական աշխարհի ֆիզիկական միավորման և հայկական տարածքի ու դրա վրա ապրող հայերի թվի կրճատման երկակի նպատակ։

Համոզված եմ, որ Եվրոպայի համար նույնքան կարևոր է, որ խաղաղության կողմնակից Հայաստանը նույնպես կարողանա խուսափել թյուրքական «խաղաղության թակարդից» և շարունակի ամուր դիմակայել գոյաբանական մարտահրավերներին:  Եկեք մոլորության մեջ չընկնենք. թուղթը երբեք խաղաղություն չի նշանակում, հատկապես՝ Կովկասում։ Մենք պետք է առաջնահերթություն տանք ոչ միայն արդարացի և լեգիտիմ խաղաղության համաձայնագրին, այլև այնպիսի մեխանիզմների որոնմանը, որոնք կապահովեն համաձայնեցված պայմանավորվածությունների իրականացումը։ Մեր կազմակերպությունը պետք է որոշի՝ արդյոք ցանկանու՞մ ենք որևէ էական դեր խաղալ այս գործընթացում, և որդեգրի «կարմիր գծերի» վրա հիմնված որոշակի քաղաքականություն, թե՞ պարզապես շարունակում ենք Ադրբեջանի հետ կեղծ ողջամտության քաղաքականությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ