Երբ խոսվում է համերաշխության մասին, ինձ մոտ տպավորություն է ձևավորվում, որ համերաշխությունը ընկալված է որպես մի բուտաֆորիա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:
«Համերաշխությունը ոչ թե հասարակության անդամների՝ մեկը մյուսի նկատմամբ թույլ տված վրիպումների նկատմամբ դրսեւորված հանդուրժողականության արգասիքն է, այլ համերաշխությունը խորը բարոյական, հոգևոր ու գաղափարական ընդհանրությունների ամբողջություն է։ Այդպիսի ընդհանրություններ այսօր մենք հասարակության մեջ չունենք։
Ես չեմ վիճի, որ այդ համերաշխությունը ձևավորելու հարցում եկեղեցին մեծ առաքելություն ունի, բայց ես չեմ պատկերացնում իրավիճակ, երբ Եկեղեցին պիտի կարողանա հաջողել իր ողջ ներուժը ներդնելու միջոցով, համերաշխության հասնելու ճանապարհին, երբ հասարակության ամենատարբեր շերտերը ուղղակի խանգարում են այդ համերաշխության ձևավորմանը, այդ թվում՝ նաև իշխանությունը, այդ թվում նաեւ իշխանությունը:
Ցանկացած հեղափոխություն հրապարակ է նետում անհամերաշխության հսկայական չափաբաժին: Կամա-ակամա ստեղծվում են բարիկադներ։ Երբ 2018 թվականին տեղի ունեցան քաղաքական հայտնի իրադարձությունները, անկեղծորեն ասած, դրանք ինձ մոտ մեծ վախեր էին առաջացնում։ Վախեր էին առաջացնում ոչ միայն անորոշության առումով, այլ, որ ստեղծվում էին դիմակայություններ, որոնք կարճ ժամանակում դուրս չեն գալիս։ Մենք ունեցանք պատկեր, երբ ընտանիքում ազգականները միմյանց հետ չէին շփվում։ Երբ մենք փորձում ենք հասկանալ, թե դա ինչից էր, դժբախտաբար, գնում ենք դեպի 2018 թվական:
Այդ հակադրությունները տարիների ընթացքում սրվեցին, հայտնի են քաղաքական հետապնդումները՝ տնտեսական հանցագործությունների, կոռուպցիոն գործարքների անվանումներով:
Էլ չեմ խոսում հասարակության մեջ իրականացվող ալտերնատիվ բարոյականության քարոզի մասին: Դուք հիշատակեցիք գեղեցկության մրցույթին տրանսգենդերի մասնակցության մասին: Ազատության նկատմամբ մարդկանց ընկալումների տարբերություն կա. ոմանց համար ազատությունն ամեն ինչ անելու միջոց է, ոմանց համար ազատությունը ինչ որ չուզել՝ չանելու միջոց է: Ժամանակակից հասարակության մեջ ազատության ընկալումները բացարձակապես այլ են, քան այն, ինչ գոյություն ունի քրիստոնեության մեջ: Ոմանց համար պետությունը բարեկեցության հասնելու միջոց է, իսկ իրականում պետությունը սեփական ինքնությունը պահպանելու միջոց է: Եթե հանրության տարբեր շերտեր, խավեր տարբեր կերպ են ընկալում սա, սա խնդիր է դառնում հանրային համերաշխության հասնելու ճանապարհին»,- ընդգծեց Սրբազանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը