14 09 2024

Թուրքիայի ու Ադրբեջանի համար պայմանագիրը պարզապես ժամանակավոր դադար է. Վահե Սարգսյան

Թուրքիայի ու Ադրբեջանի համար պայմանագիրը պարզապես ժամանակավոր դադար է. Վահե Սարգսյան

Խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թուրքիան և Ադրբեջանը մշտապես գործել են ՆԵՆԳՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ: Ստացա՞ն, կորզեցի՞ն մի բան, անցնում են հաջորդին: Չկա՛ կանգառ, պայմանագիր, երաշխիք: Ով հավատացել է դրանց, կա՛մ մասնատվել է, կա՛մ անհետացել պատմության ասպարեզից իբրև պետություն կամ ժողովուրդ:

Թուրքիայի ու Ադրբեջանի համար կանգառը, պայմանագիրը կամ դրանով սահմանված երաշխիքները պարզապես ժամանակավոր դադար են՝ վերադիրքավորվելու և հարմար պահի որոնման համար: Ընթացքը, նպատակը երբե՛ք չի փոխվում՝ նվաճել ու հոշոտել մինչև վերջ:

Եթե մինչ 2020-ը Ադրբեջանը գոհ կլիներ ստանալ ԼՂԻՄ-ին հարակից 7 շրջաններից մեկը կամ մի քանիսը, ապա դրանք դավաճանության արդյունքում ստանալուց հետո՝ արդեն Ստեփանակերտը, հետո՝ Տավուշը, հետո՝ Սյունիքով միջանքցներ, հետո՝ Վարդենիսը, հետո՝ Սևանի արևելյան ափը, և այսպես շարունակ:

Փաշինյանի խունտայի մեծագույն հանցագործությունը հայ ժողովրդի դեմ այն է, որ փորձ է արվում Թուրքիայի ու Ադրբեջանի այս ՆԵՆԳՈՒԹՅՈՒՆԸ, այսպիսի վարքագիծը հայ ժողովրդի հոգեմտածողության մեջ, ընկալումներում տրանսֆորմացնել, փոխակերպել իբրև սովորական հարևանի, որը նաև կարող է դառնալ բարեկամ, եթե, ուշադրություն, հայ ժողովուրդը իրեն լավ պահի, պահանջածը տա և չպատերազմի:

(Թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության ողջ մեղքը դրանով հայ ժողովրդի վրա բարդելու փաստը մեկ այլ հանցագործություն է, այլ առիթով քննարկման խնդիր):

Որ, իբր, կա մի սահման կամ մի ժամ, որտեղ և երբ թյուրքական տանդեմը կարող է կանգ առնել, և կարող է սկսվել Սերգոյի կյանքի կուշտ ու երջանիկ շրջանը:

Վերոնշյալն ավելի մեծ հանցագործություն է, ավելի կործանարար հետևանքներով լի, քան անգամ Արցախի, հայտնի պատմավեպի լեզվով ասված, «անխիղճ վաճառքը»:

Քանզի միայն Թուրքիայի ու Ադրբեջանի կործանարար ՆԵՆԳՈՒԹՅՈՒՆԸ հայ ժողովրդի ընկալումներում փոխակերպելը կարող է կուրացնել վերջինիս, զրկել դիմադրելու ընդունակությունից և վավերացնել Արցախի գրավումը:

Ադրբեջանը լավ գիտի, որ Ջրականը, Հադրութը, Շուշին, Քարվաճառն ու Ստեփանակերտը գրավել է ժամանակավորապես: Եվ դա տեղի է ունեցել ՀՀ-ում տարիներով ստեղծելով հայ հասարակության մտածողության, ընկալումների տրանսֆորմացիայով զբաղվող համապատասխան դավադիր օղակներ և օրավուր աճեցնելով դրանց:

Թշնամին Արցախի գրավումը կհաստատի և կանցնի ՀՀ-ի գրավմանն այն օրը, երբ Փաշինյանի հանցավոր խմբակը վերջնականապես կտրանսֆորմացնի հայ ժողովրդի ընկալումները Թուրքիայի և Ադրբեջանի մասին:

Թուրքիայի և Ադրբեջանի հաշվարկով այդ հայ ժողովրդի ընկալման տրանսֆորմացիան և ռազմական էսկալացիան փոխլրացնող են, ավելին, Արցախի գրավման վերլուծությամբ՝ առավել շատ տարածքներ գրավվեց առաջինի օգնությամբ, քան երկրորդի:

Փաշինյանի խմբավորումն այս փուլում ողջ ուժով լծված է թուրք-ադրբեջանական կործանարար ՆԵՆԳՈՒԹՅՈՒՆԸ հայ ժողովրդի, հատկապես՝ նոր սերնդի ընկալումներում փոխակերպելու գործին:

Հ.Գ. Ջրականի հերոս Մառոզ Ալիկի հուշաքարը մինչ 2020-ը Ջրականի զորամասում կրում էր այդ խորհուրդը՝ թուրքական նենգությունը տեսնելու և Ջրականն ամուր պահելու խորհուրդը»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ