Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ԱԺ հայտարարությունների ժամին ներկայացրեց հանցագործությունների աճի մասին վիճակագրությունը:
«Այսպես, 2023 թվականին հանցագործության դեպքերը նախորդ տարվա համեմատ աճել են 8 տոկոսով։ Միջին ծանրության հանցագործությունների դեպքերն օրինակ աճել են 24 տոկոսով, ծանր հանցագործություններինը՝ 20 տոկոսով, առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը՝ 90 տոկոսով։
Ուշադրություն, միայն 40 տոկոսով ավելացել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների դեպքերը: Ավազակության դեպքերի աճը կազմել է 46.%։ Աճել են նաև խարդախության դեպքերը՝ 30 տոկոսով, 36,7 տոկոսով էլ աճել են համակարգչային հափշտակության դեպքերը։ Հանցագործությունների դեպքերի աճին զուգընթաց՝ նախորդ տարի արձանագրվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշի նվազում․ 14.6%-ով: 2023 թվականին նվազել է ինչպես միջին ծանրության, այնպես էլ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ցուցանիշը: Մարդու դեմ ուղղված գրեթե բոլոր հանցատեսակների բացահայտման նվազում ունենք։
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 171.8%-ով։ 2023 թվականի ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ցուցանիշը նվազել և կազմել է 17.5%՝ նախորդ տարվա 37,9%-ի համեմատ։
Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արձանագրվել է ինչպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության, այնպես էլ դրանց իրացման նպատակով շրջանառության դեպքերի աճ, որն առանձին տարածքներում գերազանցում է 100 անգամ 300 տոկոսը։ Առավելապես իրացման նպատակով ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ցուցանիշների նվազում ունենք։
2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում աճել են ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերը՝ 10.2%-ով: Բացահայտումը կազմել է 36.8%՝ նախորդ տարվա 49.6%-ի դիմաց: Աճել է նաև մահվան ելքով դեպքերի թիվը։ Աճել են ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և ապօրինի շրջանառության այլ դեպքերը:
Սա ընդամենը վիճակագրության այն փոքր հատվածն է, որ ներկայացրեցի ձեզ, ի դեպ, սա գլխավոր դատախազի ներկայացրած տարեկան հաշվետվությունից է, ավելի պաշտոնական թվեր չեն լինում, եւ եթե սա պաշտոնական վիճակագրություն է, պատկերացնել միայն կարելի է, թե ինչպիսին է ոչ պաշտոնականը»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը