14 08 2024

Եթե փող չկա, սկսեք ոստիկանության համակարգի օպտիմալացումից ու պարգևավճարների վերացումից. Խուդոյան

Եթե փող չկա, սկսեք ոստիկանության համակարգի օպտիմալացումից ու պարգևավճարների վերացումից. Խուդոյան

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երբ պետությունը վերածվում է բռնապետության, հասարակությունն ավելի շատ կորցնում է իր ձայնը, իսկ առաջնորդները՝ իրենց բարոյական արժեքները։ (Սա համընդհանուր նկարագիր է, մեր մոտ բարոյական արժեք երբևէ չի էլ եղել այս իշխանության մոտ)

Դառնալով միակ կառավարող ուժ, բռնապետությունն արդեն պետք է ամեն կերպ պահի իր իշխանությունը, իսկ այդ պահպանումը հաճախ շատ մեծ գին ունի։ Երբ տնտեսությունը ձախողվում է՝ այն չի կարողանում ապահովել ժողովրդի բարեկեցությունը և բռնապետական համակարգի ծախսերը։ Արդյունքում, այդ համակարգի կործանումից խուսափելու համար իշխանությունը սկսում է փնտրել միջոցներ՝ իր դիրքերը պահպանելու համար։

Այս պայմաններում առաջինը գների բարձրացումն է․ ամեն ինչ՝ սննդամթերքից մինչև ծառայություններ, տրանսպորտ, սկսում է ավելի թանկ արժենալ։ Բայց երբ դա չի բավարարում, սկսվում են հարկերի և տուրքերի բարձրացումներ․ ավելի շատ հարկեր, ավելի մեծ տուգանքներ, թեև այդ ամենը ավելացնում է սոցիալական ծանրաբեռնվածությունը։ Դա ոչ միայն բարձրացնում է ապրելու ծախսերը, այլև բերում է առավել խորը անարդարության, երբ մարդիկ սկսում են իրենց ձեռքում մնացած քիչ գումարները տալ պետությանը՝ ամենահիմնական կարիքների համար։

Բայց դա դեռ ամենը չէ։ Երբ ժողովուրդը սկսում է հարցեր տալ, դժգոհել ու բարձրաձայնել իր խնդիրները, իշխանությունը բերում է հաջորդ քայլը՝ մարդու իրավունքների խախտումներով լի ճնշումներ։ Բանտերը լցվում են նրանցով, ովքեր համարձակվում են խոսել։ Ձերբակալություններ, դատական անհամաչափ պատիժներ, և համատարած վախ, որը խորը նստում է ժողովրդի մեջ՝ ստիպելով նրանց լռել ու ենթարկվել։

Այս ամենը հիշեցնում է միջնադարյան ժամանակաշրջանը, երբ իշխանություններն իրենց դիրքերն ապահովում էին՝ ժողովրդին կեղեքելով, հարկերով ծանրաբեռնելով ու ճնշելով։ Մերօրյա բռնապետությունները պարզապես փոխել են գործիքները, բայց նպատակը նույնն է՝ ամեն գնով ապահովել իրենց իշխանությունը, անկախ նրանից, թե ինչպիսի վնասներ են հասցնում հասարակությանը ու պետությանը։

Մարդկային ազատությունը, արժանապատվությունը և բարեկեցությունը բռնապետության զոհ են դառնում։ Հիշենք՝ ուժեղ պետությունը երբեք չի կարող կառուցվել միայն բռնությամբ ու ճնշումով։ Այն կարելի է կառուցել արդարությամբ, ժողովրդավարությամբ և կայուն զարգացմամբ։ Իսկ որտեղ որ բռնապետությունը հաստատում է իր դիրքերը, այնտեղ ժողովրդին տանում են դեպի նոր ստրկության ձևեր՝ տնտեսական ծանրաբեռնվածությամբ, իրավական սահմանափակումներով և սոցիալական անարդարությամբ, մեր դեպքում նաև` թշնամիներին հպատակվելով։

հ.գ. եթե փող չկա, սկսեք ոստիկանության համակարգի օպտիմալացումից ու պարգևավճարների վերացումից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ