13 08 2024

Ադրբեջանը Իսրայելի ռազմական հենակետն է, պրոքսի պետությունն ընդդեմ Իրանի. Արա Պողոսյան

Ադրբեջանը Իսրայելի ռազմական հենակետն է, պրոքսի պետությունն ընդդեմ Իրանի. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Տարածվեց տեղեկատվություն, թե Իսրայելն Ադրբեջանում իր զինվորական անձնակազմը դուրս բերելու որոշում է կայացրել։ Եվ հանկարծ բոլորը հիշեցին, որ Ադրբեջանը Իսրայելի ռազմական հենակետն է Իրանի հյուսիսային սահմանների երկայնքով։ Սակայն ինձ համար միակ տարօրինակն այն է, որ շատերը սա որպես ապացույց են սկսել օգտագործել, այնինչ անկախ այն հանգամանքից, թե այս տեղեկատվությունն ինչքանով է հենց սկզբնաղբյուրից դուրս եկել, օբյեկտիվ իրականության մեջ Ադրբեջանը Իսրայելի պրոքսի պետություն է ընդդեմ Իրանի և Իրանի դաշնակիցների։

Արցախի օկուպացիան եւ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի շարունակական օկուպացիոն քաղաքականությունը նպատակ ունի ապահովագրելու Ադրբեջանին հայկական հնարավոր դիմադրությունից` այլ կերպ ասած` չեզոքացնել հայկական գործոնը, որպեսզի Իսրայելի ռեգիոնալ պրոքսին (Ադրբեջանը) լինի ֆունկցիոնալ և ցանկացած պահի ի վիճակի լինի Իսրայելի համար ապահովել հուսալի պլացդարմ։ Ինչքան Իսրայելի համար գործընթացները անդառնալի լինեն, այնքան հավանականությունը մեծ է, որ ադրբեջանական պրոքսին կդրվի գործունեության մեջ։

Իհարկե, տեղին է նշել, որ Հարավային Կովկասում ստեղծված այս անբարենպաստ և վտանգավոր կոնֆիգուրացիան արդյունքն է նաև 2020 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ սկսված ահաբեկչական պատերազմի ընթացքում Իրանի կողմից դրսևորված պասիվ վարքագծի։ Անկախ նրանից, թե ինչպիսի դիրքորոշում կունենային Հայաստանի իշխանությունները, Իրանը կարող էր տարածաշրջանում հայտնված ահաբեկչական խմբավորումների առկայությունը օգտագործել և միջամտել արյունահեղության դադարեցմանը ավելի վաղ փուլերում։

Բայց եղածը եղած է, հիմա մնում է հաղթահարել ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը և չեզոքացնել ադրբեջանական պրոքսին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ