31 07 2024

Իրան-Իսրայել ուղղակի լայնածավալ պատերազմի մասին կանխատեսումներն առայժմ այդքան էլ իրական չեն թվում. Ոսկանյան

Իրան-Իսրայել ուղղակի լայնածավալ պատերազմի մասին կանխատեսումներն առայժմ այդքան էլ իրական չեն թվում. Ոսկանյան

Իրան-Իսրայել ուղղակի լայնածավալ պատերազմի մասին կանխատեսումներն առայժմ այդքան էլ իրական չեն թվում։

 

Այս մասին գրել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Իրանը հազարամյակների պետականության ավանդույթ ունեցող երկրներից է, և վերջինիս լայնածավալ ուղղակի պատերազմի մեջ ներքաշելու, իսկ այնուհետև զոհի կարգավիճակով ԱՄՆ-ից համակողմանի և լիարժեք աջակցություն ստանալու փորձերը չեն կարող խիստ իրատեսական դիտարկվել։

Ներքաշման նման հերթական գործելաոճի դրսևորում պետք է համարել նաև «Համասի» քաղաքական թևի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությունը Թեհրանում՝ իսրայելական հատուկ գործողության հետևանքով։

Բանն այն է, որ Իրանն առանց այն էլ բավական հաջող կարողանում է անուղղակի կերպով պայքարել տարածաշրջանային և արտատարածաշրջանային իր ախոյանների ու թշնամիների դեմ՝ Մերձավոր Արևելքում ստեղծելով արբանյակ կառույցների և կազմակերպությունների նմանը չունեցող ցանց, որն էլ անհրաժեշտության դեպքում ուղղակի բախումների մեջ է մտնում հակաիրանական ուժերի հետ։

Նման անուղղակի ցանցային գործելաոճը ոչ միայն հնարավորինս խնայում է հենց Իրանի մարդկային ներուժը, այլ նաև հնարավորություն ստեղծում միանգամից մի քանի ճակատներով իր ախոյաններին ու թշնամիներին ներքաշելու անվերջանալի և խիստ ռեսուրսատար բախումների մեջ։

Այնպես որ, Իրան-Իսրայել ուղղակի լայնածավալ պատերազմի մասին կանխատեսումներն առայժմ այդքան էլ իրական չեն թվում, չնայած վառոդի տակառի նմանվող Մերձավոր Արևելքում ցանկացած կայծ հղի է պատերազմական հրդեհի բռնկման վտանգով»,-գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ