31 07 2024

ՀԱՄԱՍ-ը կպատասխանի Իսրայելին շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար

ՀԱՄԱՍ-ը կպատասխանի Իսրայելին շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար

ՀԱՄԱՍ-ը կպատասխանի Իսրայելին շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար, РИА Новости-ին հայտնել է Ալժիրում կազմակերպության ներկայացուցիչ Յուսեֆ Համդանը։

«Իրանի նախագահի երդմնակալությանը մասնակցելուց հետո հերոս Իսմայիլ Հանիեի մահը չի ազդի ՀԱՄԱՍ-ի ղեկավարության և նրա կառույցների որոշումների վրա։ Իսրայելը կհատուցի այս հանցագործության և մեր ժողովրդի դեմ կատարված բոլոր հանցագործությունների գինը»,- ընդգծել է նա։

Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնյաները Հանիեի սպանությունից հետո հրաժարվել են CNN-ին մեկնաբանություն տալ՝ հայտարարելով, որ իրենք «չեն արձագանքում օտարերկրյա լրատվամիջոցների հաղորդագրություններին»։ Սպիտակ տունը հեռուստաալիքին հայտնել է, որ իրենք տեղյակ են տեղի ունեցածի մասին և հրաժարվել են հետագա քննարկումից:

Իր հերթին Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանն՝ արձագանքելով Հանիեի սպանությանը ասել է, որ երկիրը պաշտպանելու է իր տարածքային ամբողջականությունն ու արժանապատվությունը։

«Այսօր սիրելի Իրանը սգում է Պաղեստինի դիմադրության քաջարի առաջնորդ Իսմայիլ Հանիեի նահատակությունը: Երեկ ես սեղմում էի նրա հաղթական ձեռքը, իսկ այսօր պետք է նրա դագաղը տանեմ ուսերիս: Իրանի և Պաղեստինի երկու հպարտ ժողովուրդների միջև կապը կլինի ավելի ամուր, քան նախկինում, իսկ ճնշվածների դիմադրության և պաշտպանության ճանապարհն ավելի կամրապնդվի», - X-ում գրել է նա:

Փեզեշքիանն ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը «կստիպի ահաբեկիչ օկուպանտներին (նկատի ունի Իսրայելը-Խմբ.) զղջալ իրենց վախկոտ արարքի համար»։

Հիշեցնենք, որ Իսմայիլ Հանիեն և նրա թիկնապահը սպանվել են Թեհրանում կեցավայրի վրա հարձակման հետևանքով։ Հանիեն այցելել էր Իրան՝ մասնակցելու նորընտիր նախագահ Մասուդ Պեզեշքիանի երդմնակալության արարողությանը։ Սպանությունը տեղի է ունեցել երդմնակալության արարողությունից հետո՝ հուլիսի 31-ի առավոտյան։

Ըստ լրատվամիջոցների՝ Թեհրանում իր կեցավայրի վրա հրթիռային հարված է եղել։

ՀԱՄԱՍ շարժումը կատարվածի համար մեղադրել է Իսրայելին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ