ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ԲՐԻԿՍ-ի 10-րդ խորհրդարանական համաժողովի իր ելույթում նշել է, որ արդեն սահմանազատվել է հայ-ադրբեջանական սահմանի մոտ 12 կմ հատվածը, և երկու կողմերի սահմանապահ ծառայությունները տեղակայվել են սահմանի համապատասխան հատվածներում:
«Հայաստանը միջազգայնորեն ճանաչված իր տարածքից դուրս հավակնություններ չունի և պատրաստ է կառուցողական ու ինտենսիվ աշխատանք տանել սահմանազատման գործընթացը շարունակելու և կարճ ժամանակում խաղաղության պայմանագիր կնքելու ու ստորագրելու ուղղությամբ»,- ասել է Ռուբինյանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանը ոչ միայն պատրաստ է, այլև շահագրգռված է միջազգային տարանցիկ երթուղիների մաս դառնալ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման ճանապարհով: ԱԺ փոխխոսնակի խոսքով` կասկած չկա, որ Հարավային Կովկասում խոշոր ենթակառուցվածքային նախագծերը կարող են միավորող գործոն դառնալ տարածաշրջանի երկրների համար և ոչ միայն:
«Հարավային Կովկասում տրանսպորտային երթուղիների վերականգնումը և բացումը պետք է հանգեցնի տնտեսական հարաբերությունների համակարգի կայուն տարածաշրջանային մոդելի ձևավորման»,- ասել է Ռուբինյանը:
Այս համատեքստում նա նշել է, որ խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացման հեռանկարի շրջանակում ՀՀ կառավարությունը մշակել է «խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը տարածաշրջանային բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման նախագիծ է՝ հիմնված երկրների ինքնիշխանության և իրավասության լիակատար հարգանքի, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։
«Միավորելով բոլոր կողմերի շահերը՝ մենք պատմական հնարավորություն կունենանք նախադրյալներ ստեղծելու տարածաշրջանի համագործակցության, փոխկախվածության և բարգավաճման համար»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը։
Ռուբինյանը նշել է, որ Հայաստանը կողմ է քաղաքական երկխոսության առողջացմանը և միջազգային հարաբերություններում կայունության բարձրացմանը: Նրա խոսքով՝ Հայաստանը բոլոր շահագրգիռ գործընկերների միջև իրավահավասար և կառուցողական համագործակցության կողմնակից է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը