27 06 2024

Իրանի նախագահական ընտրությունները խոստանում են շրջադարձային դառնալ․ Վարդան Բալյան

Իրանի նախագահական ընտրությունները խոստանում են շրջադարձային դառնալ․ Վարդան Բալյան

Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Վաղը հարևան Իրանում նախագահական ընտրություններ են: Ամենայն հավանականությամբ Իսլամական հանրապետության նախագահը, սակայն, կընտրվի երկրորդ փուլով, որ տեղի կունենա հուլիսի 5-ին: Պատճառը պահպանողականների ճամբարը ներկայացնող երկու հիմնական թեկնածուների՝ իրանական խորհրդարանի խոսնակ Բաղեր Ղալիբաֆի և Ռահբարի թեկնածուի համարում ունեցող Սայիդ Ջալիլիի բավականին սուր մրցակցությունն է: Ինտրիգը կայանում է նրանում, որ պահպանողականների ճամբարում դիտարկվող անհամաձայնությունների ֆոնին բարեփոխական թեկնածու Մասուդ Փեզեշկյանը, ըստ էության, հաջողացրեց ստանալ բարեփոխականների առանցքային առաջնորդների աջակցությունը: Վերջինիս թեկնածությունը պաշտպանել են նախկին նախագահ Խաթամին, Ռոուհանիի կառավարության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, իսկ երեկ հեռուսատաուղերձով ի աջակցություն Փեզեշքյանի հանդես եկավ Հասան Ռոուհանին: Ստեղծված իրավիճակում չի բացառվում, որ երկրորդ փուլ պահպանողական թեկնածուի հետ կարող է դուրս գալ հենց Փեզեշքյանը: Բոլոր դեպքերում այս նախագահական ընտրությունները խոստանում են շրջադարձային դառնալ ինչպես ներքաղաքական-իշխանական, այնպես էլ արտաքին քաղաքական վերադասավորումների տեսանկյունից: Ու կանխատեսվող զարգացումները պահպանողական կամ բարփոխական նախագահի ընտրության պարագաներում միանշանակ դառնալու են նաև Իրանի տարածաշրջանային և հայաստանյան քաղաքականության վերակառուցման մեկնակետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ