24 06 2024

Տարածաշրջանում Թուրքիայի դիրքերի ուժեղացումը պայմանավորված է Արցախի հանձնումով. Կարեն Հովհաննիսյան

Տարածաշրջանում Թուրքիայի դիրքերի ուժեղացումը պայմանավորված է Արցախի հանձնումով. Կարեն Հովհաննիսյան

Դա հետևանքը և արդյունքն էր տարածաշրջանային գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների՝ Ռուսաստանի դիրքերի թուլացման և Թուրքիայի դիրքերի ուժեղացման: Այս մասին YerevanToday-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Մախաչկալայում և Դերբենտում երեկ՝ հունիսի 24-ին տեղի ունեցած ահաբեկչությանը:

«Առաջին հայացքից սա թվում է, թե աբսուրդ է, բայց իրականում այդպես է, եթե մենք նայում ենք, որ ովքեր են ահաբեկիչները և ինչ կապեր ունեն Թուրքիայի հետ: Իրականում այդ ահաբեկիչները թուրքական ազգայնական ծայրահեղական «Գորշ գայլեր» խմբավորման, կարելի է ասել, անդամներ են և հատուկ պատրաստավծություններ են անցել Թուրքիայում։ Եվ շատ ակտիվորեն շրջանառվում է այն թեման, որ իրենք բոլորովին վերջերս են վերադարձել:

Հենց կրոնական հաստատությունների վրա հարձակումը խոսում է նրա մասին, որ ցանկություն կա ՌԴ հարավային շրջանները ամբողջությամբ մաքրել քրիստոնյաներից, նրանց համար ստեղծել վախի մթնոլորտ, որ չգնան այնտեղ բնակվելու: Ըստ այդմ, կստեղծվի մի այնպիսի մուսուլմանական աշխարհ, որտեղ Թուրքիայի համար ավելի հեշտ կլինի գործողություններ իրականացնել»,- նշեց նա:

Պատասխանելով հարցին, թե ո՞վ կամ ինչը՞ նպաստեց Թուրքիայի տարածաշրջան մուտք գործմանը՝ փորձագետը նշեց. «Թուրքիան տարածաշրջան մտավ Ռուսաստանի «թույլտվությամբ», որովհետև ՌԴ-ն ուներ խնդիրներ: Երբ Ռուսաստանը 2021 թվականի փետրվարից իր հայացքն ամբողջությամբ ուղղեց դեպի Ուկրաինա՝ աչքաթող անելով մեր տարածաշրջանն ամբողջությամբ, Թուրքիան օգտվեց այդ առիթից: Պատմությունը ցույց է տալիս, որ նմանատիպ դեպքեր բազմաթիվ են եղել, երբ Ռուսաստանը զբաղված է եղել մեկ այլ տարածաշրջանում իր ներկայացվածության ամրապնդմամբ և աչքաթող է արել Հարավային Կովկասը, այդ ժամանակ Թուրքիան ակտիվացել է տարածաշրջանում և որոշակի գործողություններ է իրականացրել: Ռուսաստանի ուշադրության թուլացման, Թուրքիայի բարեկամական այդ ժեստը ոչ ճիշտ ընդունելու, ոչ խորքային ընդունելու պատճառով է, որ ինքը տարածաշրջանում այսօր այսպիսի խնդրի առջև է կանգնում»:

Ըստ Հովհաննիսյանի՝ տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացումը և Թուրքիայի դիրքերի ուժեղացումը պայմանավորված են առաջնայինը Արցախի հանձնումով:

«Արցախի հանձնումը ամենամեծ թուլացումն էր Ռուսաստանի: Արցախը չունի սահման Ռուսաստանի հետ, բայց հենց Արցախն էր ապահովում տարածաշրջաում Ռուսաստանի ներկայացվածությունը թե՛ ռազմական, թե՛ քաղաքական առումներով: Բայց քանի որ այլևս Արցախը չկա, հանձնվել է՝ Ռուսաստանի դերակատարությունը էականորեն իջել է: Ռուսաստանին հարկավոր է նոր Արցախ, որպեսզի իր դերակատարությունն այստեղ բարձրացնի, իսկ նոր Արցախ, բնականաբար, կրկին Արցախում»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ