«Հայաստանի կողմից խաղաղասեր երկրի իմիջ ստեղծելը քաղաքական մանիպուլյացիա է». այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարարության այսօրվա հայտարարությունը:
«Հայկական կողմը, վկայակոչելով Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա 1991 թվականի սահմաններն ու տարածքային ամբողջականությունը, կարող է ավելի լավ բացատրել, թե ինչու չի հարգել այս համաձայնագրերը վերջին 30 և ավելի տարիների ընթացքում, հրաժարվել է ընդունել խորհրդային քարտեզներում արտացոլված սահմանները, ինչպես նաև օկուպացրել է ադրբեջանական տարածքները։
Անհեթեթ է, որ ոչ մի սահման չճանաչող Հայաստանը 30 տարի անց ադրբեջանցի զինվորների գրաված դիրքերը ներկայացնում է որպես իր գյուղերի չսահմանազատված տարածքները և Ադրբեջանին մեղադրում է օկուպացիայի համար։
Հասկանալի է, որ Ֆրանսիայի պես երկրները, որոնք իբր պահպանում են խաղաղությունը և մրցակցում Հայաստանին մահաբեր հարձակողական զենքի մատակարարման հարցում, ծառայում են այս երկիրը լարվածության և սպառնալիքների նոր օջախի վերածելուն։ Հաշվի առնելով, որ այս քաղաքականությունը նպաստում է հայկական հաջորդ հնարավոր ագրեսիային, կարևոր է ձեռնպահ մնալ այս քայլերից, քանի դեռ ուշ չէ»,- ասվում է մեկնաբանության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը