17 06 2024

Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին է ներկայացրել խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ ջանքերը

Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին է ներկայացրել խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ ջանքերը

Հունիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով տեղակալ Ռիչարդ Վերմայի հետ, ով Հայաստան է ժամանել ԱՄՆ քաղաքապետերի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների պատվիրակության առաջին պաշտոնական այցի շրջանակներում:

 

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերության օրակարգի ընդլայնման հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներ: 

Անդրադառնալով հունիսի 12-ին Երևանում կայացած ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստին՝ նախարար Միրզոյանը նշել է. «Տեղյակ եք՝ մենք անցկացրեցինք Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական երկխոսության 2-րդ ամփոփիչ նիստը, և այս անգամ մենք ոչ միայն ընդգծեցինք մեր համագործակցությունը նոր ուղղություններով հարստացնելու ձգտումը, այլև որոշում կայացրեցինք աշխատել նոր հանգրվանի ուղղությամբ՝ երկկողմ հարաբերությունները բարձրացնելով նոր մակարդակի՝ ռազմավարական գործընկերության: Այսպիսով, մենք շարժվում ենք ճիշտ ճանապարհով, ունենք շոշափելի արդյունքներ, կքննարկենք ավելին:»

Ի պատասխան՝ Ռիչարդ Վերման նշել է. «Ռազմավարական գործընկերությունը մեծապես կարևոր է Միացյալ Նահանգների համար, և այստեղի քննարկումների արդյունքում մենք ցանկանում ենք ունենալ հստակ ճանապարհային քարտեզ առ այն, թե ինչպես կարող ենք առաջընթաց գրանցել առանցքային՝ խաղաղության և բարգավաճման, տնտեսության, առևտրի, մարդկանց միջև շփումների ոլորտներում, և շարունակել մեր համագործակցությունը դեպի նոր մակարդակ»։

Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան ապակենտրոնացված համագործակցության հարցեր՝ կարևորելով Հայաստանի մարզերի ու քաղաքների և ԱՄՆ նահանգների ու քաղաքների միջև ձևավորված համագործակցության հաստատումն ու ընդլայնման հնարավորությունները:

Արարատ Միրզոյանը և Ռիչարդ Վերման հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը դիտարկել են նաև ՀՀ դիմակայության ամրապնդման համատեքսում: Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ բարեփոխումների հաջող ընթացքին և այդ ուղղությամբ ԱՄՆ արժեքավոր աջակցությանը:

Տարածաշրջանային անվտանգության հարցերի համատեքստում նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ ջանքերը: Անդրադարձ է կատարվել նաև տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության հարցերի և ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման պարագայում ընձեռնվող հնարավորություններին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ