01 06 2024

Փաշինյանը դարձավ երեխաներին սուգ ու դառնություն բերած ղեկավար. «Մայր Հայաստան»



Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է երեխաներին՝ միջազգային տոնի կապակցությամբ և «շնորհավորել» Նիկոլ Փաշինյանին՝ իր ծննդյան օրվա կապակցությամբ։

***

«Հարգելի՛ ժողովուրդ,

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը գտնվում է Սարյանի պուրակում: Թե ինչու ենք այստեղ, քիչ հետո կասեմ: Իսկ մինչև այդ՝ շնորհավորում ենք երեխաների պաշտպանության միջազգային օրը: Թող նրանք լինեն երջանիկ, ապրեն խաղաղ ու անվտանգ երկրում:

Ցավալին այն է, որ այսօր Հայաստանը կանգնած է անվտանգային լրջագույն մարտահրավերների առաջ: Եվ այս ամենի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է: 2018-ից սկսած նա փակուղի մտցրեց Արցախի հարցով բանակցային գործընթացը՝ հնարավորություն տալով թուրք-ադրբեջանական տանդեմին պատերազմ սկսել: Փաշինյանի գլխավորությամբ պատերազմում մենք պարտվեցինք: Եղան տարածքային կուրստներ, հազարավոր զոհեր, 10 հազարից ավելի վիրավոր ու հաշմանդամ ունեցանք: 2023-ին Արցախն ընկավ: Դրա մեղավորը նույնպես Նիկոլ Փաշինյանն է, քանզի նա հակասահմանադրորեն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս՝ հնարավորություն տալով Ադրբեջանին անցնել գրոհի: 120 հազար հայ էթնիկ զտման ենթարկվեց և լքեց իր հարյուրամյակների բնակավայրը:

Փաշինյանը ողբերգություն բերեց մեր երկրում: Հազարավոր երեխաներ որբացան: Նա դարձավ մեր երեխաներին սուգ ու դառնություն բերած ղեկավար:

Ճակատագրի հեգնանքն այն է, որ հունիսի 1-ը ոչ միայն Երեխաների պաշտպանության օրն է, այլ նաև Նիկոլի Փաշինյանի ծննդյան օրը: Մենք նրան, բնականաբար, չենք շնորհավորում: Նա մեծագույն չարիք է դարձել մեր երկրի համար:

Հիմա պահն է, որպեսզի ներկայացնեմ, թե ինչու ենք Սարյանի պուրակում: Ինչպես հայտնի է, այստեղ պարբերաբար նկարների ցուցահանդես է լինում: Այս պահին դուք տեսնում եք ծառից կախված մի նկար, որտեղ շատ խոսուն ձևով ներկայացված է Նիկոլ Փաշինյանի իշխանության էությունը: Նժարի մի կողմում ինքն է՝ աթոռից կառչած, իսկ մյուս կողմում՝ Հայաստանն ու Արցախը:

Արցախը նա հանձնեց, հիմա էլ Ալիևի պահանջով հանձնում է Հայաստանի տարածքները միակողմանի զիջումների գնալով: Հանուն իր աթոռի նա աճուրդի է հանել մեր երկիրը, ինչը նոր ողբերգությունների ու կորուստների պատճառ է դառնում: Հենց դրա համար էլ մենք չենք շնորհավորում նրա ծնունդը:

Համոզված ենք, որ մեր ու մեր երեխաների համար անամպ երկինք, բարեկացիկ կյանք, անվտանգ պետություն ու կայուն խաղաղություն հնարավոր կլինի ապահովել միայն առանց Նիկոլ Հայաստանում: Հանուն մեր երկրի ու մեր երեխաների՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի այս հունիսի 1-ը Նիկոլ Փաշինյանի համար վերջինը լինի վարչապետի կարգավիճակում:

Եվս մեկ անգամ «Մայր Հայաստանը» շնորհավորում է փոքրիկներին՝ իրենց տոնի կապակցությամբ:

Շնորհավո՛ր»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ