ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի հետ։ Զրուցակիցները քննարկել են հարցերի լայն շրջանակ:
Նախարարությունից հայտնում են, որ ՀՀ և Եվրոպական միության միջև գործընկերության համատեքստում երկուստեք ընդգծվել է թե՛ արդեն իսկ ձևավորված համագործակցության ծրագրերի իրականացման, թե՛ լրացուցիչ ուղղություններով նոր հանգրվանի հասնելու կարևորությունը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ս.թ. ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպման արդյունքներով մշակված «Հայաստանի դիմակայունության և աճի» ԵՄ ծրագրին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերին:
Միրզոյանը ընդգծել է նաև ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ վերջնական որոշման կայացման կարևորությունը:
Անդրադարձ է կատարվել օրակարգի առաջիկա միջոցառումներին և անելիքներին:
Արարատ Միրզոյանը և Ժոզեպ Բոռելը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ:
Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները:
Անդրադառնալով երկու երկրների միջև սահմանազատման գործընթացին և համապատասխան հանձնաժողովների միջև գրավոր պայմանավորվածություններին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է գործընթացը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա շարունակելու անհրաժեշտությունը, ինչպես հայտարարվել է նաև երկու երկրների ղեկավարների մակարդակով: Ներկայացնելով խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումները՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ հնարավոր կլինի հասնել վերջնական համաձայնության ձեռք բերված պայմանավորվածությունները նաև պայմանագրի նախագծում արտացոլելու միջոցով:
Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը