24 05 2024

Ռուսաստանն առանցքային խնդիր է համարում ԱՊՀ տարածքում տնտեսական կապերի խորացումը․ Միխայիլ Միշուստին

Ռուսաստանն առանցքային խնդիր է համարում ԱՊՀ տարածքում տնտեսական կապերի խորացումը․ Միխայիլ Միշուստին

Աշխաբադում ԱՊՀ գործընկերների հետ հանդիպման ընթացքում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ ԱՊՀ-ում ապրանքաշրջանառությունը կտրուկ աճում է, վերջին 4 տարվա ընթացքում այն 2/3-ով աճել է։

Աճի 6 տոկոս  ցուցանիշը միջոցառումների ծրագրով նախատեսված որոշումների կատարման շնորհիվ է արձանագրվել, ինչը նաև լրացուցիչ 7 տոկոս աճի տեմպ է հաղորդել փոխադարձ առևտրի ծառայություններին։

Միշուստինը հավելել է, որ ծրագրի իրականացումն ապահովել է նաև օտարերկրյա ուղղակի ներդրումների 2 տոկոս աճ՝ ընդգծելով, որ ԱՊՀ մասնակիցների ՀՆԱ-ն 2023 թ. արդյունքներով աճել է 3,8 %–ով, իսկ ԵՄ երկրներում՝ կես տոկոսից պակաս։

ՌԴ կառավարության ղեկավարը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԱՊՀ երկրները անկեղծ կարծիքներ են փոխանակում բոլոր հարցերի շուրջ, ինչը նպաստում է գործնական համագործակցության ամրապնդմանը և ընդլայնմանը, նորարարական, քաղաքացիների և բիզնեսի համար օգտակար նախագծերի մեկնարկին:

ՌԴ վարչապետի խոսքով՝ Ռուսաստանն առանցքային խնդիր է համարում ԱՊՀ տարածքում տնտեսական կապերի խորացումը։

«Գլխավոր նպատակը մեր քաղաքացիների կենսամակարդակի որակական բարձրացումն է։ Միայն ջանքերը միավորելով` մենք կկարողանանք արդյունավետ դիմակայել առաջացող մարտահրավերներին, այդ թվում՝ պրոտեկցիոնիզմին, անբարեխիղճ մրցակցությանն ու պատժամիջոցային քաղաքականությանը»,-հավելել է Ռուսաստանի վարչապետը։

Նշենք, որ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպմանը Հայաստանից ո՛չ վարչապետն էր ներկա, ո՛չ փոխվարչապետը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ