17 05 2024

ԵՄ անդամ 2 երկրների արտգործնախարարներ Վրաստանում մասնակցում են ընդդիմության հանրահավաքներին

ԵՄ անդամ 2 երկրների արտգործնախարարներ Վրաստանում մասնակցում են ընդդիմության հանրահավաքներին

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լիտվայի, Իսլանդիայի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարները եկել են Վրաստան և Թբիլիսիում մասնակցում են ընդդիմության հանրահավաքներին: Միտինգի ժամանակ ելույթ է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Լանդսբերգիսը: Սա բացառիկ իրողություն է, երբ մի քանի երկրների արտգործնախարարներ մասնակցում են մեկ այլ երկրի քաղաքական/հակաիշխանական գործողություններին:

Հասկանալի է, որ այս բարձրաստիճան պաշտոնյաները նման քայլի դիմել են ոչ թե գաղտնի և սեփական նախաձեռնությամբ, այլ նրանց գործուղել են: Եվրոբյուրոկրատիան փայլում է իր ոչ ստանդարտ գործունեությամբ: Վրաստանի դրեյֆը Արևմուտքից դեպի Ռուսաստան, շատ հիվանդագին է ընդունվում Բրյուսելում և Վաշինգտոնում, «եվրոինտեգրման դռները փակվում են Վրաստանի համար», բարձրաձայնում են արևմտյան բոլոր քաղաքական լիդերները: Հակառակ դրան Իվանիշվիլիի քաղաքական թիմը առանց վարանելու շարունակում է իր գիծը, առանց որևե զիջումների, արտսահմանյան գործակալների մասին օրենքն արդեն ընդունված է: Բացառված չէ, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտություններում, Մոսկվան գրավիչ առաջարկներ է արել, վրացիներին ոգևորելու համար:

Ուկրաինական պատերազմի համատեքստում, որտեղ Պուտինը որդեգրել է երկարատև և հյուծիչ պատերազմի տակտիկան, սա շատ անհանգստացնող իրավիճակ է Արևմուտքի համար: Զգացվում է լուրջ մտահոգություն, կապված Հայաստանում ծավալված հակակառավարական քաղաքական գործողությունների հետ: Վրաստանում քաղաքական անհնազանդությունն առաջնորդող ուժերը արևմտամետ են, Հայաստանում՝ ոչ: Այնպես, որ Թբիլիսիից արտգործնախարարներ Երևան չեն գա և ելույթ չեն ունենա: Թերևս այս իրողությունները հստակորեն ի ցույց են դնում հետխորհրդային տարածքում ռուսական ազդեցության վերականգնման համար Պուտինի վարչակարգի որդեգրած քաղաքականության հաջողության խնդիրը:

Միջազգային հետազոտական ուղեղային կենտրոններում և բարձր քաղաքական-պետական ղեկավարների շրջանակներում սա թիվ մեկ խնդիրն է, որի լուծումից է կախված նոր աշխարհակարգի հաստատումը: Գրեթե բոլորն են ընգծում, որ այս խնդրի հանգուցալուծումը Պեկինում է, հասկանալի պատճառներով: Այս օրերին, երբ Պեկինում կնքվեց ռազմավարական համագործակցության ռուս-չինական համաձայնագրեր, Արևմուտքի տագնապը էլ ավելի ուժեղացավ: Հայաստանը նորից հայտնվել է համաշխարհային ուժային կենտրոնների բախման արանքում:

 Մեզ մոտ ընթացող բողոքական/հակաիշխանական շարժումը ներքաղաքականից բացի ունի նաև այլ երանգներ, Թբիլիսիի հետ միասին, Երևանը ուշադրության կենտրոնում է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ