03 05 2024

Մաղթում ենք ուժ՝ պատասխանելու համար․ Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների մասին

Մաղթում ենք ուժ՝ պատասխանելու համար․ Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 3-ին կայացած ճեպազրույցում մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե ինչու է նա օգտագործել «Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու մասին» արտահայտությունը։

«Ես չգիտեմ, թե այնտեղ ինչ ուժերի մասին է խոսում և ինչի մասին է խոսում։ Հուսով եմ, որ նման հայտարարություններ անողները բավական ուժ կունենան արձագանքելու ռուս խորհրդարանականների կոչին, որը հաջորդեց այս տարվա ապրիլի 24-ին։ Նման պատասխան ստանալուց հետո մենք այն ուշադիր կուսումնասիրենք։ Առաջին հերթին դա հավանաբար կուսումնասիրեն ռուս խորհրդարանականները։ Իսկ անհրաժեշտության դեպքում հրապարակային կմեկնաբանենք։ Ուստի, մենք ձեզ ուժ ենք մաղթում՝ պատասխան պատրաստելու համար»,- ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել խորհրդարանականների դիրքորոշումը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալենի հայտարարությունների վերաբերյալ, որոնք հնչեցրել է ապրիլի 22-ին Պալմայում (Իսպանիա) ԵՄ խորհրդարանների նախագահների համաժողովում։

Ալեն Սիմոնյանը, մասնավորապես հայտարարել է․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հարցն է և մերձավորարևելյան հակամարտությունը` ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը: Միջազգային տարբեր հարթակներում մենք միշտ աջակցել ենք պաղեստինյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը երկու պետությունների սկզբունքի հիման վրա․․․»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ