«Թեզը, թե «արցախցին հանձնեց», «Արցախի իշխանությունները տվեցին», «զենքը հանձնեցին և դուրս եկան», ամենամեծ սրիկայությունն է, որն արվում է արցախահայերի նկատմամբ, ու դա անում են Հայաստանի օրվա իշխանութունն ու իրենց սպասարկող խմբակը։
Մենք տեսել ենք, թե ինչ պայմաններում է պատերազմից հետո պայքարել արցախցին, 9 ամիս ինչպիսի պայմաններ է ունեցել և էդ մեկօրյա պատերազմի ընթացքում թշնամուն որքան զոհեր է պատճառել։ Հետևաբար՝ սրիկա են նրանք, ովքեր չեն գնահատում արցախցիների պայքարը»,- հրազդանցիների հետ հանդիպմանն ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով դահլիճում ներկա արցախցի կնոջ հարցին։
Այսօրվա իշխանությունն ամեն ինչ անում է, որ արցախահայերը չմիավորվեն, ամեն ինչ անում է, որ արտագաղթեն, ամեն ինչ անում է, որ հանկարծ արցախահայերը հայաստանում քաղաքական գործոն չդառնան, շեշտել է Իշխան Սաղաթելյանը։
«Որովհետև եթե այդքան մարդ միավորվի, ինքը պրոբլեմ է ունենալու։ Արցախահայերի բոլոր խնդիրները կարող են լուծվել, եթե առաջինն արցախահայերն այդ պահանջը ձևակերպեն ու դրա հետևից գնան, որովհետև ամեն ինչ անում են, որ դուք դա չանեք, և Հայաստանի բոլոր քաղաքական ուժերն ու ժողովուրդը պետք է կանգնեն այդ պահանջի կողքին»,- ասել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը