22 03 2024

Փաշինյանի նոր բանաձևը՝ «Տարածքներ՝ արտահերթ ընտրությունների ու հանրաքվեի փոխարեն». վերլուծական

Փաշինյանի նոր բանաձևը՝ «Տարածքներ՝ արտահերթ ընտրությունների ու հանրաքվեի փոխարեն». վերլուծական

7or.am-ը գրում է. Արևմուտքը, Թուրքիան ու Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանից պահանջում են փոխել ՀՀ սահմանադրությունը: Ամեն մեկը տարբեր խնդիր է լուծում:

Արևմուտքին հետաքրքրում է Ռուսաստանին այս տարածաշրջանից ու մասնավորապես՝ Հայաստանից հեռացնելը: Նիկոլից պահանջում են նոր Սահմանադրության մեջ կետ մտցնել, ըստ որի՝ Հայաստանը պետք է համարվի արտադաշինքային, նեյտրալ երկիր: Ավելի պարզ ասած՝ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, ինչը ենթադրում է Գյումրիից ՌԴ 102-րդ ռազմաբազայի հեռացում:

Թուրքիան Հայոց ցեղասպանության մասով է ուզում թեման փակել:

Ադրբեջանին հետաքրքրում է Արցախի թեմայի փակումը:

Թուրքիայի ու Ադրբեջանի թիրախում ՀՀ անկախության հռչակագիրն է, որտեղ Հայոց ցեղասպանության ու Արցախի հարցերը անկյունաքարային են:

Նիկոլ Փաշինյանը մի պահ ինտենսիվ խոսում էր նոր Սահմանադրության ընդունումից՝ չթաքցնելով, որ դա դրսի պահանջ է: Փաստարկը հետևյալն էր՝ «Եթե Սահմանադրությունը չփոխենք, ապա պատերազմ կլինի»:

Դատելով ամենից՝ Փաշինյանը հետ է կանգնում սահմանադրական փոփոխությունների գաղափարից: Համենայնդեպս ինտենսիվ աշխատանք այս ուղղությամբ չկա: Պատճառն ակնհյատ է՝ վախ:

Նիկոլը վախենում է, որ ցանկացած էլեկտորալ գործընթաց, լինի դա արտահերթ ընտրություն կամ հանրաքվե, կվերածվի իր հեռացման գործընթացի: Նա հասկանում է, որ չի կարողանալու առնվազն 650 հազարի կարգի «այո» կորզել ՀՀ քաղաքացիներից ու նոր Սահմանադրություն անցկացնել: Երևանի ավագանու ընտրություններն էլ ցույց տվեցին, որ Նիկոլին չի հաջողվելու 2021թ. պես 50 տոկոսից ավելի «խփել»: Իր վարկանիշը 10 տոկոսի շրջանակներում է, իսկ դա նրա պատմական նվազագույնն է:

Նիկոլի առավելագույնը, բոլոր տիպի կեղծիքներն ու վարչական ռեսուրսի կիրառումը ներառյալ», մինչև 30 տոկոս հավաքելը կարող է լինել: Իսկ դա կնշանակի իշխանափոխություն:

Ահա այս ամենը հաշվի առնելով՝ Նիկոլն իր դրսի տերերին այլ բան է համոզում: Ասում է, որ ինքը հակառուսական քայլերի կգնա՝ տարածքները հանձնելով: Ըստ Նիկոլի պլանի՝ ինքը Տավուշում և Հայաստանի այլ մարզերում տարածքները կհանձնի, այդ ամենի մեղավոր կհռչակի ռուսներին, Հայաստանում հակառուսական հիստերիա կբարձրացնի և կնպաստի ռուսների հեռանալուն: Դրանով նա կբավարարի Արևմուտքին: Ադրբեջանին էլ կբավարարի տարածքներով: Ինչ մնում է Թուրքիային, ապա այդ երկիրը ռուսների հեռացումից հետո լրջորեն կմխրճվի Հարավային Կովկաս: Նիկոլն այս ամենի դիմաց խնդրում է իր իշխանության պաշտպանություն կամ ավելի ճիշտ՝ իր կաշվի փրկություն:

Տավուշում Նիկոլի իրականացրած տեղեկատվական ահաբեկչությունը «Տարածքներ՝ հանրաքվեի ու արտահերթ ընտրությունների փոխարեն» ծրագրի շրջանակներում էր: Ինքն իր աթոռը պահելու դիմաց պատրաստակամություն է հայտնում Հայաստանից տարածքներ տալ: ՆԱՏՕ-ի քարտուղարից էլ մուրում է պաշտպանություն Ադրբեջանից: Բայց Ստոլտենբերգը Ադրբեջանում հայտարարեց, որ այդ երկիրն իրենց համար ռազմավարական նշանակություն ունի, իսկ Հայաստանում հայտարարեց, որ Հայաստանն իրենց համար երկրորդ Ուկրաինա է՝ թնդանոթի միս: Մի խոսքով, Ստոլտենբերգը Հայաստանի կենդանի կենացը խմեց ու գնաց:

Ահա այն ամենի էությունը, ինչ տեղի է ունենում Հայաստանի շուրջ, ավելի ճիշտ՝ Հայաստանի վրա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ