Հայաստանի Հանրապետության համար ընբռնելի է սահմանազատման ընթացքում էքսկլավ/անկլավների հարցն ավելի ուշ դիտարկելու մոտեցումը՝ որպես ելակետ ունենալով դե յուրե իրավական ուժ ունեցող փաստաթղթերի հիման վրա այդ տարածքները սահմանազատելու մոտեցումը։ Այս մասին «Փաստինֆոյի» հարցմանն ի պատասխան հայտնել էին ՀՀ վարչապետի աշխատակազմից։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, դեռեւս Նիկոլ Փաշինյանի ասուլիսից առաջ, ուղարկված հարցմամբ խնդրել էինք ներկայացնել հայկական կողմի դիրքորոշումը Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի մամուլի ծառայության մարտի 9-ի հայտարարության վերաբերյալ, որով պահանջ էր դրվել անհապաղ Ադրբեջանին հանձնել 4 գյուղեր։ Մեզ հետաքրքրում էր, թե հատկապես ո՞ր թվականի քարտեզներով կամ ինչ փաստաթղթերով է առաջնորդվում ադրբեջանական կողմը նման պահանջ ներկայացնելիս։ Արդյոք կողմերի միջև ձեռք է բերվել համաձայնություն, թե որ թվականի քարտեզների հիման վրա է կատարվելու սահմանազատումը։
Միաժամանակ, հարցման մեջ մենք հիշեցրել էինք, որ ադրբեջանական կողմի հայտարարությունն առ այն, որ չեն պատրաստվում դուրս գալ ՀՀ օկուպացված տարածքներից քանի դեռ չի կատարվել, սահմանազատումը, ուստի մեզ հետաքրքիր էր, թե արդյոք պաշտոնական Երևանը պատրաստվո՞ւմ է հանձնել որևէ բնակավայր կամ տարածք՝ նախքան սահմանազատում իրականացնելը։
Պատասխանն ստացել ենք վարչապետի գրասենյակից, որտեղ հղում է արվել Նիկոլ Փաշինյանի մարտի 12-ի ասուլիսին՝ նշելով, որ Հայաստանը հավակնություն չունի իր միջազգայնորեն ճանաչված սահմանից դուրս որևէ տարածքի նկատմամբ, բայց նաև չի կարող սեփական ինքնիշխան տարածքը հանձնել։
Անդրադառնալով Տավուշի բնակավայրերին՝ աշխատակազմից հայտնել էին, որ խնդրո առարկա հատվածում անհրաժեշտ է տեղորոշվել, թե որտեղ է սկսվում ՀՀ տարածքը։ «Այդ տեղորոշումը պետք է իրականացվի իրավական ուժ ունեցող փաստաթղթերի հիման վրա և ըստ այդմ՝ դե յուրե Հայաստանի Հանրապետության տարածքը պետք է լինի ՀՀ տնօրինության և վերահսկողության ներքո, իսկ Ադրբեջանական Հանրապետության տարածքը՝ Ադրբեջանական Հանրապետության տնօրինության և վերահսկողության ներքո։
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ սահմանի ողջ երկայնքով Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է գնալ լուծումների։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է նույն բանաձևով գնալ լուծումների նաև Տավուշի մարզին հարակից ամենախնդրահարույց տարածքներում»։
Մենք նաև հիշեցրել էինք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ ուղղված մեր նախորդ հարցման ի պարատսխան, որով մենք խնդրել էինք հունվարի 31-ի հանդիպումից մանրամասներ հայտնել, մեզ պատասխանել էին, որ պայմանավորվածություն կա հանդիպման ընթացքի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունից զատ՝ մանրամասներ չհայտնել։ Հետաքրքրվել էինք, թե արդյոք հայկական կողմի հետ նախապես համաձայնեցված է եղել Շահին Մուսթաֆաևի գրասենյակի կողմից 4 գյուղերի պահանջի վերաբերյալ հայտարարության տարածումը, քանզի հանդիպման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նման ձեւակերպում չի եղել։
Ի պատասխան այս հարցի՝ աշխատակազմից հաստատել էին, որ 2 երկրների կողմից հաստատված աշխատակարգի համաձայն հանդիպումների արդյունքում հրապարակվում են պաշտոնական մամուլի հաղորդագրություններ, որոնցից դուրս պարզաբանումներ կամ մեկնաբանություններ չեն թույլատրվում, բայց նաև նշել էին, որ վերջին հանդիպման ընթացքում այս մասով որևէ այլ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։
Վարչապետի գրասենյակի պատասխանից հետեւում է, որ հայկական կողմը նախապես տեղյակ եղել է Մուսթաֆաեւի գրասենյակի հայտարարության բովանդակությանը։ Համենայն դեպս՝ պայմանավորվածության դրժման մասին չի նշվել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը