Մենք բանակցային պրոցեսում բազմաթիվ անգամ ականատես ենք եղել, երբ մեր որոշակի գործընկերներ գնահատականներ են հնչեցրել, որ կամ կիսատ են եղել, կամ իրականությանը չեն համապատասխանել, կամ իրենց մեջ ունեցել են ապակառուցողական տարր: Այս մասին, այսօր՝ մարտի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր է, որ նախքան սահմանազատման գործընթացը Ադրբեջանին հանձնվեն 4 գյուղեր:
«Այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրականացնեն սահմանազատման ու սահմանագծման գործողություն, անվիճարկելի է: Այն, որ մենք գնում ենք դրան, ևս անվիճարկելի է: Այն, որ այդ պրոցեսում մեզ փորձելու են ներքաշել, սադրել ևի փորձել մեզնից ստանալ նաև անկայունություն, դա ևս նոր բան չէ: Այն, որ տարբեր ուժային կենտրոններ կարող է շահագրգռված չլինեն, որ Հայաստանն իր անվտանգային հարցերը կարգավորի, սա ևս նորություն չէ: Մենք ավելի սառնասիրտ պետք է լինենք և խոսենք իրականության մասին, ոչ թե մեկնաբանենք ինչ-որ հայտարարություններ»,-ասաց նա:
Անդրադառնալով վարչապետի և ՔՊ խմբակցության վերջին փակ հանդիպումներին, Վաղարշակ Հակոբյանն ասաց. «Մենք այդտեղ քննարկում ենք ամենատարբեր հարցեր»:
Ճշտող հարցին՝ հնարավորություն կա՞, որ սկզբում գյուղերը հանձնվեն, հետո նոր սահմանագծում լինի, իշխող խմբակցության պատգամավորն արձագանքեց. «Ցանկացած գործընթաց պետք է լինի տրամաբանության մեջ: Ցանկացած գործընթաց, որին պետք է համաձայնի Հայաստանը, պետք է բխի ՀՀ շահերից: Սահմանազատման գործընթացը ամբողջ աշխարհում որոշակի տարածքներում առաջ են գալիս, որոշակի տարածքներում հետ են գնում: Դա բնական պրոցես է: Այլ բան է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ ՀՀ պետական շահը բավականին արդյունավետ գործի: Մենք ունենք դրա բոլոր հնարավորությունները: Որևէ գործողություն ՀՀ քաղաքացու թիկունքում չի կարող լինել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը