Երևանու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերների և գրառումների տեսքով մարտի 7-ին ներկայացրել է քաղաքապետարանում ֆինանսաբյուջետային հանձնաժողովում տրանսպորտի թանկացման փաթեթի քննարկման ընթացքը․
«Երևանի քաղաքապետարանը գաղտագողի ձևով ֆինանսաբյուջետային հանձնաժողովից մեկ ժամ առաջ բերել, ներկայացրել է տրանսպորտի թանկացման փաթեթը ` առանց քննարկման, առանց լուրջ հիմնավորմանն։ Թանկացումը եթե որպես այդպիսին կա, ապա պետք է բյուջեի կողմից սուբսիդավորվի։ Իրենց պարգևավճարների փոխարեն նախ քաղաքացիներին պետք է մատուցեն արժանապատիվ տրանսպորտ, և քաղաքացու համար պետք է լինի 100 դրամ»։
Մեսրոպ Մանուկյանի տեղեկացմամբ՝ փաթեթը ներկայացրել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը.
«Քաղաքապետարանի աշխատակիցները Սուրեն Գրիգորյանի գլխավորությամբ պնդում էին, որ 7 մլրդ դրամը սուբսիդավորովում է, դա հերքվեց, պարզվեց, որ քաղաքային բյուջեից 4 մլրդ 34 մլն դրամ է սուբսիդավորվելու։ Հրաժարվեցին, չներկայացրեցին, թե օրական որքան գումար է հավաքագրվում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում, այսինքն ամեն օր մենք վճարում ենք գումար, բայց օրվա վերջ չեն կարողանում հաշվել։ Ամենամեծ կոռուպցիան դա է, որ այդ թվերը թաքցնում, չեն հրապարակում։ Ինչպե՞ս է ձևավորվում բյուջեն, սկզբում հավաքագրվում է գումարը մեր վճարած 100 դրամներով, այնուհետև պակասորդ գումարը սուբսիդավորվում է քաղաքային բյուջեի կողմից, հիմա քաղաքային բյուջեն տրամադրում է 4 մլրդ-ը, ստացվում է, որ մնացածը փակվում է մեր վճարած 100 դրամների միջոցով»,- ասել է Մեսրոպ Մանուկյանը և գործընկերոջ՝ ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանի հետ հանդես եկել կոչով․ «Սիրելի երևանցիներ, մնում է, որ ձեր շահերը ինքներդ պաշտպանեք, համախմբվեք և հանրային ճնշման արդյունքում ստիպեք քաղաքային իշխանություններին ետ կանգնել տրանսպորտի թանկացման որոշումից։ Տրանսպորտի թանկացման դեմ պայքարի մեկ միջոց ունենք՝ ընդվզում»։
Ավագանու անդամների տեղեկացմամբ՝ մարտի 12-ին կայանալիք Երևանի ավագանու նիստի ժամանակ մեծամասնության կողմից ցանկություն կա թանկացման նախագիծը անցկացնել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը