ՌԴ սահմանապահ ծառայության վետերան Լև Ազատխանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է, որ քաղաքական սխալների պատասխանատվությունը կրում է իշխանությունը, իսկ դրանց հետևանքների ծանրությունն ընկնում է ժողովրդի վրա։
«Ինձ բախտ է վիճակվել կյանքիս մոտ 30 տարին նվիրել հայ-թուրքական և հայ-իրանական սահմանների պահպանությանը։ Իմ այս տարիներն անցել են ռուս և հայ զինվորների, սերժանտների, ենթասպաների և սպաների հետ։ Ես և հավանաբար իմ ծառայակիցների ճնշող մեծամասնությունը երբեք չէինք պատկերացնի, որ կարող ենք ականատես լինել հայ-ռուսական հարաբերություններում առկա խոր տարաձայնությունների, «ճաքերի», թյուրըմբռնումների և փոխադարձ կշտամբանքների։ Ստեղծված իրավիճակն ինձ դրդեց ինչ-որ կերպ արձագանքել այդ գործընթացներին։ Եվ հիմա հարցն այն չէ, թե ով է դրա համար ավելի մեղավոր։
Թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի լրատվամիջոցները բառացիորեն հեղեղված են փոխադարձ կշտամբանքներով, մեղադրանքներով լի հրապարակումներով, որոնք հաճախ վերածվում են անպատշաճ սպառնալիքների և վիրավորանքների։ Ակնհայտ է, որ վերջին տարիներին տեղի ունեցող գործընթացները տարածաշրջանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների՝ Արցախյան 44-օրյա պատերազմի, հետագայում Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների գրավման, սեփական դաշնակիցներից հայ ժողովրդի խոր հիասթափության հետևանքն են:
Վերջին շրջանում հայկական լրատվամիջոցներում սկսել են տեղեկություններ հայտնվել Հայաստանում, առաջին հերթին՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ռուս սահմանապահների գտնվելու ոչ իրավաչափ լինելու մասին: Տարբեր քաղաքական գործիչներ և վերլուծաբաններ բարձրացնում են օդանավակայանից, հայ-իրանական, հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմաններից ՌԴ սահմանապահներին հանելու անհրաժեշտության հարցը:
Այս մասին իմ կարծիքը հայտնելու առիթ ես արդեն ունեցել եմ, բայց ավելորդ չեմ համարում ևս մեկ անգամ անդրադառնալ այս թեմային: Կարծում եմ` միայն ամենածույլերը չեն կարդացել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին 1992 թվականի սեպտեմբերի 30-ի պայմանագիրը, որով Հայաստանի Հանրապետությունը, ի շահ սեփական անվտանգության, Ռուսաստանի Դաշնության անվտանգության և ԱՊՀ մասնակից պետությունների հավաքական անվտանգության ապահովման, իր տարածքում Թուրքիայի և Իրանի հետ պետական սահմանի պահպանության հարցերը պատվիրակել է Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերին, որոնք պայմանագրի ստորագրման պահին տեղակայված էին Հայաստանի Հանրապետության տարածքում:
Ռուսաստանի սահմանապահ ծառայությունում ոչ ոք երբևէ չի համարել, որ ՌԴ զինծառայողներն են հավերժ պահպանելու Հայաստանի սահմանները: Վստահ եմ` նույն կերպ են մտածել և մտածում Հայաստանի կառավարությունում։ Հենց այդ պատճառով պայմանագրում հստակ գրված է, որ «սեփական սահմանապահ կառույցների ստեղծման հետ մեկտեղ, Հայաստանի Հանրապետությունը, համաձայնեցնելով Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ղեկավարության հետ, հետևողականորեն իր պաշտպանության տակ է վերցնում Թուրքիայի և Իրանի հետ սահմանի հատվածները՝ կազմակերպելով դրանց պահպանությունը Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի հետ սերտ փոխգործակցությամբ»:
Հայաստանի Հանրապետությունը գուցե կարծում է, որ ինքն արդեն պատրաստ է ինքնուրույն ստանձնել սահմանների պահպանությունը և արդեն ընդունել է կամ պատրաստվում է ընդունել այդ որոշումը։ Ո՞վ կարող է դրան ընդդիմանալ։ Դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։ Կարևոր է, որ որոշումը համակողմանի կշռադատված լինի և հաշվի առնի տարածաշրջանում արդեն ստեղծված և ձևավորվող իրադրության հետ կապված բոլոր ռիսկերը:
Այդ դեպքում, կարծում եմ, հարկ կլիներ Ռուսաստանի ղեկավարությանը տեղեկացնել մեր ծրագրերի մասին, համաձայնեցնել գործողությունները և, ըստ պայմանագրի, համատեղ նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի գտնվելու հարցերով լիազոր անձանց, ստեղծել համատեղ հանձնաժողով, մշակել ռուս սահմանապահներին դուրս բերելու և նրանց հայերով փոխարինելու համատեղ ծրագիր և հերթականություն։
Բայց ես չեմ կարծում, որ դա մեկ օրվա կամ մեկ ամսվա խնդիր է։ Նման ռազմավարական միջոցառումը մեծ կազմակերպչական, համալիր և մտածված աշխատանք է պահանջում, որում պետք է ներգրավվեն գրեթե բոլոր պետական կառույցների ամենաբարձր որակավորում ունեցող ներկայացուցիչները: Անշուշտ, պետք է ներգրավված լինի նաև ռուսական կողմը։ Այս ամբողջ աշխատանքը, ի վերջո, պետք է ապահովի ավելի քան 350 կմ սահմանի և սահմանային ենթակառուցվածքների հուսալի և արդյունավետ պաշտպանությունը:
Եթե հայկական կողմն արդեն պատրաստ է դրան, դա մի բան է, եթե ոչ կամ ոչ այնքան, ուրեմն մտածելու բան ունեն բոլորը՝ պետության առաջին դեմքերից մինչև շարքային քաղաքացիներ։
Կրկնեմ` սա շատ լուրջ և բարդ հարց է։ Եթե որևէ մեկը կարծում է, որ սահմանապահ ծառայության մեջ տարիներ շարունակ պատրաստված և մարզված զինվորներին ու սպաներին հեշտությամբ կարելի է փոխարինել ԶՈւ ընդհանուր ստորաբաժանումների զինծառայողներով (որոնք մեզ մոտ առանց այդ էլ շատ չեն) կամ նույնիսկ աշխարհազորայիններով, չարաչար սխալվում է։
Սահմանապահի պատրաստումը հատուկ գործընթաց է։ Դեռևս խորհրդային տարիներից գոյություն ուներ սահմանին ծառայության համար կադրերի ընտրության և պատրաստման շատ լուրջ, բազմամակարդակ համակարգ, որն առավելագույնս բացառում էր միջազգային, էլ չեմ ասում՝ ռազմական հակամարտությունների ռիսկերը։
Իրողությունն այն է, որ այսօր մեզ շրջապատում են ոչ ամենաբարի հարևանները, առնվազն երկուսն այդպիսին են, և դա պետք է հասկանալ ու հաշվի առնել: Իսկ Հայաստանի սահմաններին լարվածությունը, ըստ ամենայնի, դեռևս չի նվազում, և այդպիսի միտում տեսանելի ապագայում նույնպես չի նշմարվում։ Մենք վերջերս ականատես եղանք, թե ինչպես մեկ կրակոցը (ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն) լարվածության սրման առիթ դարձավ և հանգեցրեց մեր չորս զինծառայողների մահվան։ Եվս մեկ բան` սխալների համար պատասխանատվությունը կրելու է իշխանությունը, իսկ դրա ծանրությունը՝ ժողովուրդը։ Սահմանը սխալները չի ներում»,- ասել է նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը