Ադրբեջանը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Բաքվի հասցեին անհիմն մեղադրանքներն ու հայտարարությունները, որոնք միակողմանիորեն պաշտպանում են Հայաստանին. այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ անդրադառնալով փետրվարի 21-ին Փարիզում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հնչած հայտարարություններին:
Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ «միանգամայան անտեղի է, որ Ֆրանսիան, որը գրեթե 30 տարի չի բարձրաձայնել իրենց տարածքներից վտարված և ջարդերի ենթարկված ադրբեջանցիների իրավունքների ոտնահարման մասին, խոսում է Ադրբեջանի տարածքները իրենց կամքով և առանց որևէ բռնի հարկադրանքի լքած հայերի իրավունքների և անվտանգության մասին»։
Բաքվի պնդմամբ՝ «ավելի օգտակար կլիներ, եթե ֆրանսիական կողմը խոսեր Հայաստանի կողմից Ադրբեջանի ութ գյուղերի շարունակական օկուպացիայի մասին»։
Ադրբեջանի ԱԳՆ-ն ֆրանսիական կողմին մատնանշել է, որ «անընդունելի է Բաքվին մեղադրել անհամաչափ պատասխանի համար՝ Հայաստանին քննադատելու փոխարեն, որը, առանց որևէ հրահրող գործոնների, խախտել է շուրջ հինգ ամիս տևած կայունությունը, և պետք է դադարեցնել նման կողմնակալ մոտեցումները»:
«Մենք կրկնում ենք, որ Ֆրանսիայի նենգ քաղաքականությունը՝ ուղղված տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելուն և խաղաղությանն ու կայունությանը խոչընդոտելուն, արդյունքի չի բերի», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հիշեցնենք, որ Մակրոնը երեկ իր ելույթում ասել էր.«Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգը իրական է մնում։ Ֆրանսիան ցավում է, որ փետրվարի 12-ի կրակոցի հետևանքով վիրավորվել է ադրբեջանցի, ինչն ընդունել է նաև Հայաստանի ղեկավարությունը՝ լիակատար թափանցիկությամբ։ Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար, որի արդյուքնում հայկական կողմը ունեցավ 4 զոհ և 1 վիրավոր»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը