09 02 2024

Ավինյանն՝ ընդդեմ Փաշինյանի

Ավինյանն՝ ընդդեմ Փաշինյանի

Մի քանի օր առաջ երևանցիները «ավետիս» ստացան՝ տրանսպորտը կթանկանա: Կոնկրետ գին չի նշվում, երևանցուն առաջարկվելու են փաթեթներ, բայց անգամ մաթեմատիկական խորը գիտելիքներ պետք չեն հաշվարկելու համար, որ ամենաէժան փաթեթի դեպքում էլ տրանսպորտը թանկանալու է միջինը 80 դրամով: Նախագիծը թեև քննադատություններից հետո հանվել է ավագանու նիստի օրակարգից, սակայն հետ կբերվի լրացված։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասում է՝ ավտոբուսների ինքնարժեքը 200 դրամից ավելի է, իրենք երևանցիներին փրկել են մահվան գազելներից և տվել հույսի ավտոբուսներ, հետևաբար թանկացաումը լեգիտիմ է: Լրագրողները քաղաքապետից հարցրին, թե ինչու պետությունը իր վրա չի վերցնում սուբսիդավորման բեռը և վճարում մնացած արժեքը: Տիգրան Ավինյանը, մասնավորապես պատասխանեց. «Երևանի քաղաքապետարանը այդ սուբսիդիան ծախսում է, լավ կառավարությունը եթե կուզեք, դա ծախսում է մնացածի հարկերից և տուրքերից: Այսինքն եթե տրանսպորտը արժի իքս գին, ինչ-որ մեկը այդ իքս գինը վճարում է»:

Այո, Ավինյանը տրամաբանորեն ճիշտ է ասում, սակայն, չգիտես ինչու, նույնը չէր ասում իր թիմին և քաղաքական ուժի առաջնորդին, երբ ջուրն էին թանկացնում: Այսպես, 2018-ին Փաշինյանը խոստացավ, որ մինչև 2024 թվականը ջուրը չի թանկանա, սակայն մինչև հիմա ջրի սակագինն արդեն երկու անգամ թանկացել է:

Նիկոլ Փաշինյանը, սակայն հանգստացրեց ժողովրդին՝ ասելով, ես չեմ խախտել խոստումս, ջրի սակագինը սպառողների համար կմնա նույնը, ավելացած արժեքը կսուբսիդավորի կառավարությունը: ՀՀ կառավարության բյուջեն, շեշտենք, գոյանում է ՀՀ քաղաքացիների վճարած հարկերից: Ինչպես Ավինյանն է ասում, ամեն դեպքում մենք այդ թանկացման համար վճարում ենք:

Սակայն, ինչպես մնացած հարյուրավոր դեպքերում այս դեպքում ևս ՔՊ-ն երկակի ստանդարտների կողմնակից է, երբ պետք է՝ սուբսիադովորումը թանկացում չէ, երբ պետք չէ՝ թանկացում է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ