Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում բանակում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը համեմատել է ճանապարհային պատահարների հետևանքով մահվան դեպքերի հետ:
«Ես կուզեմ անդրադառնալ այս խնդրի մի քանի այլ ասպեկտի, որովհետև ԶՈՒ-ի ամենամեծ խնդիրը մահվան այն դեպքերն են, որոնք ծառայության բերումով են։ Խոսքը վերաբերում է ինքնասպանության, ինքնասպանության հասցնելու և սպանության դեպքերին։ Բայց երբ խոսում ենք բանակում ոչ մարտական պայմաններում զոհերի թվերի մասին և հղում ենք անում վիճակագրությանը, այստեղ որոշակի այլ թվերի է անդրադարձ կատարվում։
Երբ մենք նայում ենք, վիճակագրությունը ցույց է տալիս ոչ միայն սպանություններն ու ինքնասպանությունները, այլև տեսնում ենք նաև ճանապարհային պատահարների, հիվանդության և այլ դեպքեր։ Օրինակ, մեր վիճակագրության մեջ ներառված ՃՏ պատահարները․ հասարակությունը, երբ լսում է թվերը, թվում է, թե բոլոր դեպքերը սպանության կամ ինքնասպանության դեպքեր են։
Ես թվեր ներկայացնեմ․ Հանրապետությունում, օրինակ, 2022-ին 193 մահվան ելքով վթար է գրանցվել, 2023-ին՝ 204:
Զինված ուժերում այդ դեպքերի մասնաբաժինը 2023-ին 12-ն է, իսկ 17 դեպք՝ 2022-ին։ Այսինքն, սա նույնպես ներառվում է մեր նշած թվերի մեջ»,- ասել է նա:
Նշենք, որ 2024 թվականի հունվարին բանակում գրանցվել է ոչ մարտական պայմաններում մահվան 4 դեպք:
ՀՀ ՄԻՊ աշխատակազմի արձանագրմամբ՝ վերջին 4 տարում Զինված ուժերում գրանցվել է մահացության դեպքերի դինամիկ աճ. «2018 թ. մահվան 63 դեպք, 2019-ին՝ 49, 2020 թ.՝ 54 , 2021 թ.՝ 58 , 2022 թ.՝ 64, 2023 թ. ավելի շատ»:
Կարդացեք նաև՝ «Կարճ ասած»․ Հրաժարականի երեք տարբերակ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը