Մեր հռչակագրի դրույթները որո՞նք են. երեք անկյունաքարային դրույթ, ուղենիշ կա. մեկը՝ պատմական արդարությունը, մյուսը՝ հայ ժողովրդի իղձերը և երրորդը՝ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի վերամիավորման որոշումները: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, Հանրային ռադիոյին տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք օրինակ՝ միշտ նայում ենք Ադրբեջանի տեսակետից, իսկ մենք ինչի՞ չենք նայում՝ մեր ուրիշ հարևանները ո՞նց են ընկալում: Ո՞նց են ընկալում այս բանը, որ մենք ասում ենք՝ պետություն ենք ստեղծում, որ պատմական արդարությունը վերականգնենք: Ի՞նչ է նշանակում պատմական արդարությունը վերականգնել: Ասում ենք՝ Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, ՀԽՍՀ տարածքում հռչակում է անկախություն և ասում է, որ մենք պետք է վերականգնենք պատմական արդարությունը, կամ գուցե հռչակագրի ձևակերպումը մի փոքր այլ կերպ է:
Բայց ինչպես է ընկալում մեր միջավայրն այդ մեր ուղերձներին: Մենք անընդհատ ասում ենք՝ Ադրբեջանը ոնց է ընկալում, Թուրքիան ոնց է ընկալում, իսկ ինչի՞ հարց չենք տալիս՝ Վրաստանը ո՞նց է ընկալում: Ինչի՞ մենք մեզ հարց չենք տալիս՝ ինչո՞ւ Վրաստանը պաշտպանական ոլորտի խորը հարաբերություններ ունի Ադրբեջանի և Թուրքիայի և ոչ թե Հայաստանի հետ:
Կապ կարո՞ղ է սա ունենալ այն ուղերձների հետ, որոնք մենք հղել ենք, որոնք մենք դրել ենք մեր պետության հիմքում:
Հաջորդ հարցը: Մենք այսօր հռչակագրի հետ մեր հարաբերություններն իրոք պետք է կարգավորենք: Հիմա հարց՝ մեր պետական քաղաքականությունն արդյոք պիտի հղվի դրա վրա և արդյոք մեր պետական քաղաքականությունները պետք է այդ ուղերձով առաջնորդվեն և պետք է ելնեն Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի՝ Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման որոշման վրա: Սա քաղաքական ընտրության հարց է: Եթե այո, սա նշանակում է, որ մենք խաղաղություն երբեք չենք ունենա: Ավելին, սա նշանակում է, որ մենք հիմա կունենանք պատերազմ, որովհետև էլի եմ ասում՝ տնտեսությունը տեսեք ինչ լավ աճում է, հիմա մեր բանակը կուժեղացնենք, և ակնհայտորեն բոլորը տեսնում են, որ մենք բանակի վերափոխման վրա շատ լուրջ ռեսուրսներ ենք ծախսում:
Այսինքն՝ մենք հռչակում ենք, ասում ենք, որ հիմա բանակն ուժեղացնում ենք և գնանք իրագործենք մեր հռչակագրի դրույթները: Եթե մենք այսպես ենք ասում, սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ մեր հարևանները դաշինք են ձևավորելու մեզ ոչնչացնելու համար, որովհետև մենք հռչակել ենք, որ առնվազն մենք իրենց հետ թեմա ունենք:
Երկրորդ պահը՝ այն, ինչ ես ասում եմ, իմ ասած այս խոսույթի զարգացումը և ընկալումը ժողովրդի շրջանում, դա Հայաստանն ուժեղացնելո՞ւ է, թե թուլացնելու է: Միանշանակ Հայաստանն ուժեղացնելու է, որովհետև եթե մենք հենվում ենք այս խոսույթի վրա և սա ընտրում ենք որպես երկարաժամկետ ռազմավարություն, մենք զենք ձեռք բերելիս էլ խնդիր չենք ունենա կամ քիչ խնդիր կունենանք կամ մենք զենք ներմուծելիս էլ քիչ խնդիր կունենանք, որովհետև բոլորը կընկալեն, որ այդ զենքը մենք չենք բերում իր համար:
Պատկերացնո՞ւմ եք՝ մենք ուրիշի տարածքով զենք ենք բերում, մարդը պիտի մտածի՝ լավ, այս զենքը թողնեմ անցնի, սա գնում է, ինձ վրա հարձակվում է, ինչի՞ թողնեմ ես:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը