Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների համապատասխան հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա հունվարի վերջին՝ երկկողմ ֆորմատով։ Երրորդ կողմի ներկայություն նախատեսված չէ։ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից՝ նշելով, որ հանդիպմանը քննարկվելու է հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե այս ամիս նախատեսված հանդիպման օրակարգում լինելու է Ղազախ-Թովուզ շրջանների սահմանազատման հարցը։ ՀՀ փոխվարչապետի գրասենյակին հղված հարցմամբ խնդրել էինք հաստատել կամ հերքել այս տեղեկությունը։ Նաեւ պարզաբանել, որ եթե հաստատված չեն, թե ինչ քարտեզներով և սկզբունքներով են իրականացվելու սահմանազատման աշխատանքները, ապա ինչի հիման վրա է Ադրբեջանի նախագահի հայտարարած հատվածում իրականացվելու սահմանազատումը և հնարավո՞ր է, որ Տավուշում սահանազատումը իրականացվի այնպես, ինչպես Սյունիքում և Գեղարքունիքում՝ GPS-ի հիման վրա։ Մեզ նաև հետաքրքրում էր, որ եթե Ադրբեջանը դեմ է կոնկրետ քարտեզներով սահմանազատմանը և նախընտրում է դա անել փաստաթղթերով, որքանով է հայկական կողմի համար ընդունելի այս մոտեցումը։
Ի պատասխան բոլոր այս հարցերի՝փոխվարչապետի գրասենյակից հայտնել են, որ նախնական պայմանավորվածությունների համաձայն՝ սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպման ընթացքում նախ քննարկվելու է հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը։ «Նախագծում պետք է սահմանվեն համատեղ աշխատանքներում օգտագործվելիք իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի և իրավական ակտերի տեսակները և տիպերը, նույնականացվեն ԽՍՀՄ ժամանակաշրջանի վերջին տոպոգրաֆիկ քարտեզները, որոնք պատշաճ իրավական հիմքերով կազմվել և տպագրվել են իրավասու մարմինների կողմից, և այլ նմանատիպ հարցեր»:
Երկու երկրների հանձնաժողովների հանդիպման կոնկրետ օրն ու վայրը դեռ հայտնի չէ։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը գլխավորում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նման հանձնաժողով է ստեղծվել նաեւ Ադրբեջանում, որը եւս գլխավորում է այդ երկրի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը