Factor.am-ը գրում է.
«GreenRock Management Group» ընկերությունը, որը դիմել է Երևանի քաղաքապետարան Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում կառուցապատում իրականացնելու համար, պատկանում է ամիսներ առաջ Երևանին 254 մլն ՀՀ դրամ նվիրաբերած Evocabank-ի անվանական բաժնետոմսերի 100%-ի և թողարկման արտոնյալ բաժնետոմսերի 100%-ի բաժնետեր Մարետա Գևորկյանին։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է իրավաբանական անձանց պետական ռեգիստրից և Evocabank-ի պաշտոնական տեղեկագրից, որտեղ նաև նշված է, որ Մարետա Գևորկյանը Շվեյցարիայի մշտական բնակիչ է, բայց ունի նաև ՀՀ քաղաքացիություն։ Եթե 1950-ականներից գործող «Արարատ» ակումբին պատկանող թենիսի կորտերի մասնավոր տարածքը ճանաչվի հանրային գերակա շահ, ապա «GreenRock Management Group» ընկերությունն այդտեղ կառուցապատում կիրականացնի՝ առանց մրցույթի։
Ուշագրավ է, որ այս գործարքը տեղի է ունենալու Մարետա Գևորկյանի կողմից Երևանին խոշոր գումար նվիրաբերելուց հետո։ Ի դեպ, Evocabank-ը այդ գումարը փոխանցել էր, որպեսզի վերանորոգվեր համայնքին պատկանող Բագրատունյաց պողոտա 48/1 հասցեում գտնվող շենքը։ Ուշագրավ է, որ այդ ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Factor TV-ի հարցին ի պատասխան ասել էր, որ նվիրատվությունը եղել է առանց ակնկալիքների կամ պայմանավորվածությունների։ Փաստորեն, այդ նվիրատվությունից ավելի քան կես տարի անց հայտնի է դառնում ընկերությանը առանց մրցույթի Երևանի կենտրոնում տարածք տրամադրելու մտադրության մասին։ Անդրադառնալով «GreenRock Management Group» ընկերությանը՝ նշենք, որ այն հիմնադրվել է 2023 թվականի փետրվարի 21-ին՝ Մարետա Գևորկյանի կողմից Երևանին գումար փոխանցելուց շուրջ 4 ամիս առաջ։
Նշենք, որ Մարետա Գևորկյանը տիրապետում է «GreenRock Management Group» ընկերության 100 տոկոս բաժնեմասին, որի կանոնադրական կապիտալը 50 միլիոն դրամ է։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը