Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հերքել է այն պնդումները, թե հարևան Հայաստանի Մեծամորի ատոմակայանը կարող է ռադիոակտիվ նյութերով աղտոտել սահմանային Արաքս գետը, գրում է Tasnim-ը։
Իրանի ԱԳ նախարարը կիրակի օրը Թեհրանում մասնակցել է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նիստին։
Պատասխանելով հյուսիսարևմտյան Արդաբիլ նահանգի երկու սահմանամերձ շրջանները ներկայացնող պատգամավորի հարցին՝ Ամիր Աբդոլլահիանը հերքել է Արաքս գետի ռադիոակտիվ աղտոտման վերաբերյալ մտահոգությունները:
Նա հայտարարել է, որ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տեխնիկական զեկույցը և ստուգման աշխատանքները հերքել են Հայաստանում Մեծամորի ատոմակայանի շահագործման արդյունքում Արաքս գետի աղտոտման հավանականությունը։
Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները գրել էին՝ իբր Մեծամորի ատոմակայանը ամեն օր 12000-16000 խմ ռադիոակտիվ թափոն է լցնում Արաքս։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը