Այն, որ Ադրբեջանը հրաժարվում է զորքերը հետ քաշել Գեղարքունիքի սահմանամերձ հատվածներից մեզ համար բազմաթիվ վտանգներով է հղի։ Թշնամին հիմա մեր տարածքում է, սակայն խնդիրը նաև այն է, որ ոչ միայն ողջ սահմանով է առաջ եկել, այլև մեծացել են վերահսկողության տակ վերցված տարածքները։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Գեղամասարի նախկին համայնքապետ Հակոբ ԱՎետյանը։
«Ամենավատը հենց այն է, որ մեր խոտհարքերը, վարելահողերը, արոտավայրերը այլևս անմիջապես իրենց վերահսկողության տակ են։ Այսինքն, ՀՀ կադաստրի վկայականով հողերը ադրբեջանցիների վերահսկողության տակ է։ Քիչ է, որ զավթել են մեր հողերի մի մասը, դեռ մի մասն էլ իրենց նշանառության տակ է ու այդ հատվածներում գյուղատնտեսական աշխատանքով զբաղվելն անհնար է, մարդիկ վախենում են այդ հատվածներ գնալ՝ մշակել, այդ հողերը դառնում են մեզ համար անհասանելի տարածք, չեն օգտագործվում, որովհետև մեր բնակիչները չեն կարող գնալ ու իրենց պոստից 100 մետր հեռավորության վրա աշխատել»,- նշել է Ավետյանն ու ավելացրել, որ այս գյուղերում մարդիկ զբաղվում են անասնապահությամբ, եթե չկարողանան խոտհարք անել, անասուններին տանել արոտավայրեր, իրենց վարելահողերը մշակել, օգտագործել՝ նշանակում է այստեղ էլ անելու բան չունեն։
Նրա փոխանցմամբ՝ ադրբեջանական զինուժի ներկայությունը նաև հոգեբանական հարված է մեր բնակիչների համար. «արդեն վախ է, որովհետև ընկալվում է թուլություն մեր կողմից։ Ստացվում է, որ մեր զորքը չի կարողանում նրանց հետ շպրտել մեր տարածքներից»։
Ավետյանը նշեց, որ այդ ամենի պատճառով մարդկանց սոցիալական վիճակը սկսել է ծանրանալ։
«Մարդիկ թողնում՝ գնում են, իսկ նոր բնակիչ այստեղ չի գալու՝ բնակվելու, ով էլ գնաց, այդ տունը դատարկ է մնալու ու գյուղը կամաց-կամաց դատարկվելու է։
Ես, իհարկե, հիմա թվեր չեմ ասի, թե քանի տուն է դատարկվել, քանի որ դա անվտանգային նշանակություն ունի, բայց ամեն դեպքում՝ բոլոր սահմանամերձ գյուղերից ունենք բնակիչներ, որոնք գնացել են ու չունենք որևէ համայնք, որտեղ նոր բնակիչներ են բնակություն հաստատել։ Ընդ որում՝ խնդիրը ոչ միայն գյուղերում է, այլև հենց Վարդենիս քաղաքում։
Կարծում եմ, եթե այսպես շարունակվեց՝ արտագաղթի տեմպերն էլ ավելի են մեծանալու։ Էստեղ բնակիչները դեռ հույս ունեն, որ կկարգավորվի, որ կկարողանան այդ տարածքներում աշխատել։
Իհարկե, ես չեմ կարծում, որ այս իշխանությունների ասած՝ խաղաղության պայմանագրով խաղաղություն կլինի, բայց մարդիկ կան, որոնք դեռ դրա հետ հույս են կապում, թե կկնքվի եւ այլևս կրակոցներ ու սադրանքներ չեն լինի։ Այդ հույսը նրանց դեռ պահում է, բայց միայն հույսով երկար չեն մնա»,- եզրափակել է Ավետյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը