11 12 2023

Արցախի Հանրապետությունը եղել է, կա և պետք է լինի. Լարիսա Ալավերդյան



«Այսօր հարձակում է տեղի ունենում մարդու իրավունքների  հայեցակարգի, հատկապես կիրառման վրա երկու համընդհանուր ճակատով: Մեկը միջազգային հանրությունն է, որը դարձրել է մարդու իրավունքները խոշոր սուբյեկտների աշխարհաքաղաքական շահերը պաշտպանելու համար սարսափելի գործիք, մյուս հարձակման ճակատը պետությունների ներսում է: Օգտվելով բոլոր նորմերից, որոնք շարադրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում՝ ցինիկորեն փորձում են ասել, որ դրան չպետք է հետևել երկրի ներսում»,- «Մարդու իրավունքների ոտնահարումը՝ Բաքվից Երևան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել» թեմայով համաժողովին ասաց ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

 «Երկրի իշխանությունները փորձում են քողարկվել դրանով ու ասում են՝ ի՞նչ եք ասում, չե՞ք տեսնում՝ մարդու իրավունքն ինչ է, մենք պետք է հրաժարվենք դրանից… Արդյունքում՝ հայտնվել ենք մի իրավիճակում, երբ պետք է պաշտպանենք մարդու իրավունքները այն պետություններից, որոնք եղել են նախաձեռնողների ցուցակում: Նաև ներսում պետք է հստակեցնենք, որ մարդու իրավունքները ոչ թե այս կամ այն պետության կամ միջազգային հանրության համար գործիք են, այլ նրա համար են, որ պաշտպանեն  մարդու արժանապատվությունը: Մարդու իրավունքների ողջ կոնցեպտը մարդու արժանապատվությունը հարգելու վրա է կառուցված… Ի դեպ, երբ ընդունվում էր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, առաջին հոդվածում, որ ամենաշատն է քննարկվել, գրված էր, որ մարդը արարված է հավասար և բոլոր իրավունքներով: ԽՍՀՄ ներկայացուցչի ճնշման ներքո արարված է բառը փոխվել է ծնված բառով, որովհետև Սովետական Միության ներկայացուցիչը արարված բառի մեջ տեսնում էր կրոնական հետքեր»:

 Լարիսա Ալավերդյանն ափսոսանք հայտնեց, որ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը այսօր ոտնահարվում է, այն ուզում են դարձնել զուտ հռչակագրային տեքստ:

Խոսելով Արցախի մասին նա ասաց  «Մարդու իրավունքները Արցախում Ադրբեջանի կողմից ոչնչացվել են: Մինչդեռ մարդը քանի կա, մարդու իրավունքներն իր հետ են: Դրա համար բոլոր ճիգերը  եւ այն արտահայտությունները, որ վերջ, որ Արցախի Հանրապետությունը չկա, թող ինտեգրվեն և այլն, ես բացարձակապես մերժում եմ: Արցախի Հանրապետությունը եղել է, կա և պետք է լինի: Բոլոր այն որոշումները, որոնք չեն կարող ունենալ իրավական հետեւանքներ, չեն ունենալու: Եվ մեզանից է կախված՝ լինելու է, թե չի լինելու: Դրա համար բոլորին կոչ եմ անում պայքարել այս անանց արժեքների համար»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ