07 12 2023

Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատում են խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը

Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատում են խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ հայտարարությամբ են հանդես եկել ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ադրբեջանական կողմը Հայաստանին է փոխանցում 32 հայ ռազմագերիների, Հայաստանն Ադրբեջանին՝ երկու ադրբեջանցի զինծառայողների։

Հայտարարությունում նշված է նաև, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատում են խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը։

«Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին»,- նշված է տեքստում:

Հայտարարությունում կոչ է ուղղվում նաև միջազգային հանրությանը․

«Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը կշարունակեն իրենց քննարկումները վստահության կառուցման ավելի շատ միջոցառումների իրականացման վերաբերյալ՝ մոտ ապագայում կյանքի կոչելու համար, և կոչ են անում միջազգային հանրությանը` աջակցելու իրենց ջանքերին, որոնք կնպաստեն երկու պետությունների միջև փոխադարձ վստահության կառուցմանը և դրական ազդեցություն կունենան Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի համար»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ